«Օրենքով գող» Լաշա Շուշանաշվիլին, մականունը` «Լաշա Ռուսթավսկի», ով վերջերս ձերբակալվել էր Հունաստանում, պատրաստ է հերթական ժամկետը նստել որտեղ պատահի, միայն թե ոչ Վրաստանում:

Հունաստանի դատախազությունը պետք է որոշի, թե ում է հանձնելու մաֆիայի ղեկավարին` Ռուսաստանին, Վրաստանին կամ Իսպանիային: Այս բոլոր երկրներն էլ ձգտում են, որ իրենց հանձնվի:

Իսպանիայում նրան մեղադրում են փողերի լվացման, հանցագործ խմբավորումների ստեղծման եւ սպանության փորձի մեջ:
Ինտերպոլի աշխատակիցներն արդեն հարցաքննել են Շուշանաշվիլիին, որը բավական զրուցասեր է եղել: Նա խոստովանել է, որ ապրել է Հունաստանում, զբաղվել է զբոսաշրջային բիզնեսով, ինչպես նաեւ լիկյորներ է արտադրել, զուգահեռ մասնակցել է Դեդ Հասանի գործերին:

Հարցաքննության ընթացքում Շուշանաշվիլին անսպասելիորեն հայտարարել է, որ պատրաստ է ժամկետը նստել որտեղ պատահի, միայն ոչ Վրաստանում, որտեղ իրեն «կսեղմեն» մինչեւ վերջ, քանի որ շատ բան գիտի քաղաքական ներքին կյանքի մասին, հաղորդում է «Գռուզիա online»-ը: