Դեկտեմբերի 5-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը գրոհել են Թեմրյուկի նավահանգիստը, հայտնել է Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը։ «Հրդեհ է բռնկվել։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ զոհեր չկան, անձնակազմը տարհանվել է»,- հայտնել է օպերատիվ շտաբն իր թելեգրամ-ալիքում։ Հաղորդագրությունում նաեւ նշվել է, որ հրդեհը մարելու համար գործի են դրվել 32 մասնագետ եւ ութ միավոր տեխնիկա։ Ականատեսների տեսանյութի համաձայն, որը վերլուծել է Astra-ն, հրդեհը տեղի է ունեցել նավահանգստի գազի տերմինալում։
Թեմրյուկ նավահանգիստը գտնվում է Ազովի ծովի Թեմրյուկի ծոցում։ Այն պատկանում է «Մեչել» խմբին։ Նավահանգստի կայքում նշված է, որ դրա հիմնական գործունեությունը «ընդհանուր, մեծածավալ (ներառյալ հացահատիկային եւ իներտ) եւ հեղուկ բեռների վերաբեռնումն է, ինչպես նաեւ արտադրական եւ պահեստային տարածքների վարձակալությունը»։ Թեմրյուկը հեղուկացված ածխաջրածնային գազի (ՀԱԳ) հիմնական արտահանման նավահանգիստն է Ռուսաստանի հարավում։ Այն նաեւ նավթային բեռներ է առաքում արտաքին շուկաներ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ ՀՕՊ ուժերը գիշերը «որսացել եւ ոչնչացրել են» ուկրաինական 41 ինքնաթիռատիպ անօդաչու թռչող սարք։ Դրանցից ինը՝ Սամարայի մարզում, ութը՝ Սարատովի, յոթը՝ Վոլգոգրադի եւ Ռոստովի մարզերում, մեկական՝ Կրասնոդարի երկրամասում եւ ինը՝ օկուպացված Ղրիմում։
Մինչ այդ Ուկրաինան նոյեմբերի 14-ին եւ 25-ին հարձակվել էր Կրասնոդարի երկրամասի Նովոռոսիյսկ նավահանգստի վրա: Նոյեմբերի 14-ի հարվածը վնասել էր նավթամբարը եւ նավահանգստի ափամերձ կառույցները: Հետագայում «Տրանսնեֆտը» դադարեցրել էր նավթի մղումը նավահանգիստ:
Նոյեմբերի 10-ին ուկրաինական անանձնակազմ նավակները հարձակվել էին Կրասնոդարի երկրամասի Տուապսեի նավահանգստի վրա, որտեղ գտնվում է Սեւ ծովի ամենամեծ նավթային տերմինալներից մեկը: Անօդաչու թռչող սարքերից մեկը պայթել է ափամերձ գծի մոտ: Ուկրաինական մոնիթորինգային ալիքները հայտնել են, որ նավակները, հնարավոր է, վնասել են նավահանգստում կայանված նավերից մեկը: Տուապսեն նախկինում անօդաչու թռչող սարքերի կողմից հարձակման էր ենթարկվել նոյեմբերի 2-ին: Ընկնող բեկորները վնասել էին նավթային տերմինալի ենթակառուցվածքները եւ նավամատույցում կայանված լցանավը: Դրանից հետո Սեւ ծովի ափին գտնվող «Ռոսնեֆտի» Տուապսեում գտնվող նավթավերամշակման գործարանը դադարեցրել էր գործունեությունը:




























