Ես վստահ եմ, որ որոշ ժամանակ անց, երբ որ այս օրերին անդրադառնանք, մեր երեխաները գալու են ու ասեն՝ հայրիկ ի՞նչ էիր անում դու այդ օրերին, և պատմություն առարկայի դասի վերնագիրը լինելու է՝ մոնղոլ-թաթարական արշավանքներից մինչև ՔՊ արշավանքները Հա եկեղեցու դեմ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5–ին դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Սերգեյ Հարությունյանը՝ անդրադառնալով Արշակ Սրբազանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելուն և ձերբակալելուն։

«Ինձ համար աբսուրդ է և զարմանալի է, թե ինչ են պատասխանելու ներկայիս իրավապահ համակարգի այն աշխատակիցները՝ լինի քննիչ թե դատախազ, որոնք այս շինծու գործերը կարում են։

Պարզ է, որ Արշակ Սրբազանը նման բան չի արել, նա միայն ծիծաղել է այս ամենի հետ կապված, որովհետև այս ամենը արդեն ծիծաղելու է և զավեշտալի է, ամոթալի է։ Գիտեք, նույն տրամաբանությամբ, եթե որևէ բուհի տարածքում որևէ ուսանողի մոտ թմրադեղ հայտնաբերվի, կարող են ասել՝ դեկանը կամ ռեկտորն է դա կազմակերպել։

Ես որքանով տեղյակ եմ գործի մանրամասներից, որևէ կոնկրետ ցուցմունք չկա Արշակ Սրբազանի վերաբերյալ։ Ներկայիս վարչախումբը պարզապես առաջնորդվում է այն սկզբունքով, որ անձը կա, հոդված կստեղծենք։ Վիշինսկին կերազեր նմանատիպ աշխատակիցներ ունենալու»,–ասաց նա։

Հարցին՝ ո՞վ է այն անձը, որի ուսապարկում, ըստ մեղադրանքի, թմրանյութ է դրվել, փաստաբանը պատասխանեց. «Դա 2018 թվականին ակցիաներ անողներից է, անկեղծ ազգանունով չեմ հիշի, ընթացքում ամեն ինչի մասին կտեղեկանաք։ Այս ամենին մի վերաբերվեք որպես փաստեր, որպես իրարբանություն։ Այս ամենին վերաբերվեք այն արշավի շարունակություն, որը արդեն մենք ունենք այս պահի դրությամբ երեք սրբազաններ կալանավայրում և փորձում են չորրորդ սրբազանին տանել կալանավայր»։

Նա ընդգծեց, որ ոչ մի ակնկալիք չունի դատավոր Մասիս Մելքոնյանից. «Արդեն կանխատեսելի է, թե որ դատավորի մոտ կլինի գործը։ Միանշանակ բացարկ հայտնելու ենք»։

Նշենք, որ ՔԿ–ի փոխանցմամբ՝ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում)։

Փաստաբանի խոսքով, Արշակ Սրբազանը դեռ ասուլիսից սկսած պատրաստ էր նման զարգացումների։