Ահմեդ Վարֆալին վաճառքի է հանել Ջամահիրիայի սպանված առաջնորդ Մուամար Քադաֆիի արծաթե մատանին եւ արյունոտ վարնաշապիկը: Նա այդ «հազվագյուտ իրերը» մտադիր է վաճառել 2 մլն դոլարով: Մատանին եւ վերնաշապիկը Քադաֆիի հագին են եղել, երբ նրան սպանել են:
Մատանու նկարը հայտնվել է այսօր` փետրվարի 3-ին, արաբական ArabsToday.net կայքում: Մատանու վրա փորագրված է Լիբիայի նախկին առաջնորդի ամուսնության ամսաթիվը վերջին կնոջ` Սաֆիայի հետ, 2010թ. սեպտեմբերի 10-ին:
Լոնդոնում տպագրվող արաբական Alquds Alarabi թերթին տված հարցազրույցում Վարֆալին հայտարարել էր, որ մեծ եկամուտ կստանար, եթե Քադաֆիի իրերը վաճառեր Եվրոպայում:
Քադաֆիի իրերի վաճառքի մասին տեղեկությունը բուռն քննարկումներ է առաջացրել Լիբիայի բնակիչների շրջանում: Շատ լիբիացիների կարծիքով` սպանված առաջնորդի մատանին, ինչպես նաեւ մնացած հարստությունները պատկանում է լիբիական ժողովրդին, այդ պատճառով չի կարող վաճառվել առանց նրա համաձայնության, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Լիբիան 42 տարի ղեկավարած Մուամար Քադաֆին սպանվել է 2011թ. հոկտեմբերի 20-ին: Բոլոր կողմերից շրջափակված Սիրտ քաղաքը լքելիս նրա ավտոշարասյունը ենթարկվել էր ՆԱՏՕ-ի ուժերի հրաձգությանը: Վիրավոր Քադաֆին բռնվել էր Անցումային ազգային խորհրդի (ԱԱԽ) զինյալների կողմից, որոնք երեք ժամ շարունակ նրան կտտանքների էին ենթարկել, այնուհետեւ կրակել:
Նախկին առաջնորդի մարմինը համընդհանուր ցուցադրության էր դրվել Միսրաթա քաղաքում: Քադաֆիին հուղարկավորել են անապատի գաղտնի վայրում:




























