ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է մինչեւ դեկտեմբերի 25-ը հայտարարել Գազայի խաղաղության ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի մասին։ Այս մասին դեկտեմբերի 4-ին հաղորդել է Axios-ը։

Պորտալի՝ ԱՄՆ պաշտոնյաների շրջանում ունեցած աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ նախագահը մտադիր է «մինչեւ Սուրբ Ծնունդ հայտարարել Գազայի խաղաղության գործընթացի երկրորդ փուլն սկսելու մասին եւ ներկայացնել անկլավը կառավարելու նոր կառուցվածքը»։ Ակնկալվում Թրամփը դեկտեմբերի վերջին կհանդիպի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ՝ այս քայլերը քննարկելու համար։

Պարբերականի համաձայն՝ ծրագրի երկրորդ փուլը կներառի իսրայելական զորքերի դուրսբերումը Գազայի հատվածից, այնտեղ «միջազգային կայունացման ուժերի» տեղակայումը եւ անկլավը կառավարելու կառույցների, այդ թվում՝ «Խաղաղության խորհրդի» աշխատանքների մեկնարկը։ Պորտալը նշել է, որ ծրագրի առաջին փուլի հիմնական մասը՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի կողմից բոլոր առեւանգվածների ազատ արձակումը եւ մահացած պատանդների աճյունների վերադարձը, գրեթե ավարտված է։

Axios-ի տեղեկացմամբ՝ «Խաղաղության խորհրդի» կազմում կներառվեն «մոտ մեկ տասնյակ արեւմտյան եւ արաբական պետությունների առաջնորդներ»։ Այն կվերահսկվի գործադիր կոմիտեի կողմից, որի կազմում կլինեն Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը, ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը, Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, եւ մի քանի այլ անձինք։ Պարբերականը նշել է, որ «կոմիտեի ղեկավարությամբ կգործի պաղեստինյան կառավարությունը, ներառյալ տեխնոկրատները»։ Այն կներառի «12-15 պաղեստինցի, որոնք ունեն կառավարման եւ բիզնեսի փորձ եւ կապ չունեն ՀԱՄԱՍ-ի, ՖԱԹՀ-ի կամ պաղեստինյան այլ կուսակցությունների կամ խմբավորումների հետ»։ Աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ-ը ներկայում Իսրայելի, Պաղեստինի ազգային ինքնավարության (ՊԱԻ) եւ տարածաշրջանային երկրների հետ այս կառավարության ձեւավորման հետ կապված հարցերի համակարգման «վերջնական փուլում» է գտնվում։

Պորտալի տվյալներով՝ Ադրբեջանը, Եգիպտոսը, Ինդոնեզիան եւ Թուրքիան, մասնավորապես, համաձայնել են, որ իրենց զինծառայողները մասնակցեն միջազգային կայունացման ուժերին։ ԱՄՆ, Կատարի եւ Թուրքիայի ներկայացուցիչները քննարկում են ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագրերը՝ շարժումը զինաթափելու եւ Գազայի հատվածի վրա նրա վերահսկողությունը նվազեցնելու համար։

Հոկտեմբերի 9-ին Իսրայելը եւ ՀԱՄԱՍ-ը, Եգիպտոսի, Կատարի, ԱՄՆ եւ Թուրքիայի միջնորդությամբ, համաձայնեցին իրականացնել Թրամփի ներկայացրած խաղաղության ծրագրի առաջին փուլը: Գազայում հրադադարն ուժի մեջ մտավ հոկտեմբերի 10-ին: Համաձայնագրի համաձայն՝ իսրայելական զորքերը նահանջեցին այսպես կոչված «դեղին գիծ»՝ պահպանելով անկլավի տարածքի ավելի քան 50 տոկոսի վերահսկողությունը: