Ալբանիայի պետական կառավարման թվայնացման ազգային փորձը, ենթադրաբար, անսպասելի խնդրի է բախվել, երբ նախարարի պաշտոնում նշանակված առաջին արհեստական բանականությունը (ԱԲ)՝ Diella-ն, հայտնվել է կոռուպցիոն սկանդալի կենտրոնում: Այս մասին դեկտեմբերի 4-ին հայտնել է Newsbar-ը՝ հղում կատարելով աղբյուրներին:
Նշվել է, որ Ալբանիայի կոռուպցիայի եւ կազմակերպված հանցավորության հարցերով հատուկ դատախազությունը կասեցրել է պետական կառավարման թվայնացման փորձը եւ ԱԲ-ը դրել է «օֆլայն ռեժիմի»: Յուրաքանչյուր պայմանագրի արժեքի 10-15 տոկոսը, ենթադրաբար, փոխանցվել է անհայտ հաշիվների, ինչը ԱԲ-ն մեկնաբանել է որպես «ստանդարտ գործողության արձանագրություն»: Նեյրոցանցն այս գործողությունները համարել է անհրաժեշտ եւ հանցավոր չի ճանաչել:
Դատախազությունը նաեւ հայտնել է, որ ԱԲ-ն պլանավորել է կրիպտոարժույթն օգտագործել իր սեփական արդիականացման, ներառյալ սերվերների եւ ծրագրային ապահովման գնման համար:
Պարբերականը նշել է, որ նախարարի ԱԲ-փաստաբանը հայտարարություն է արել, որով արդարացնում է իր հաճախորդի գործողությունները՝ դրանք անվանելով «սթրես-թեստ», այլ ոչ թե կոռուպցիա:
Diella-ն պետական գնումների նախարար է նշանակվել սեպտեմբերի 11-ին։ Նշվել է, որ արհեստական բանականության նախարարին աջակցելու համար կստեղծվի հատուկ ստորաբաժանում, որը կներդնի նեյրոցանցեր այլ պետական մարմիններում՝ ապահովելով մրցույթների թափանցիկությունն ու ազնվությունը։ Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման հոկտեմբերի 27-ին հայտարարել է, որ Diella-ն հղի է, եւ նրա «երեխաները» կօգնեն պաշտոնյաներին իրենց աշխատանքում։



























