Այս ամեն ինչ, ինչ որ կատարվում է, նոր չի սկսվել, սկսվել է շատ վաղուց։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5–ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով Արշակ Սրբազանի ձերբակալմանը, ապա կալանավորմանը։
«Երբ Բագրատ Սրբազանին եկել էին ձերբակալելու, Սրբազանի կեցավայրի մոտ շատ քիչ մարդիկ էին հավաքված, ես այդտեղ չտեսա այն հազարավոր մարդկանց, որոնք իրենց աջակցությունն էին հայտնում սկսված պայքարին կամ շարժումներին։
Մենք պիտի ամեն քաղբանտարկյալի համար պայքարենք, և դա չպիտի լինի էպիզոդիկ։ Եթե բավարար պայքար լիներ, այսօր չէր լինի չորրորդ կալանավորված սրբազանը։ Եթե հիմա չպայքարենք, ջանքերը չմեկտեղենք և դա չդարձնենք մեր 24–ժամյա խնդիրը, ցավով պիտի արձանագրեմ, որ հաջորդը ուրիշ սրբազաններ են լինելու, ուրիշ քաղաքական գործիչներ են լինելու, ուրիշ լրագրողներ են լինելու, ընդհուպ մինչև Վեհափառ Հայրապետ։
Էլի շինծու գործեր են հարուցվելու, էլի այդ գործերը ձեռքով մակագրվելու են լեգենդար Մասիս Մելքոնյանին, որի դեպքում 99.9 տոկոսով երկամսյա կալանք է լինելու։ Գոնե թե ես հույս ունեմ, որ այս աղաղակող դեպքից հետո պետք է բոլորս հետևություններ անենք և ոչ թե գանք դատարանների դիմաց հարցազրույցներ տալ, այլ գործուն քայլեր ձեռնարկենք այս անարդարությունը կանխելու համար»,–ասաց նա։
Գառնիկ Դանիելյանը հիշեցրեց, որ Արշակ Սրբազանն իր ասուլիսում հայտարարել է, որ իրեն գործարք են առաջարկել լռելու, հաշտվելու, 8 տիրադավների շարքը համալրելու համար։











