Վերջերս հրապարակված Ազգային անվտանգության ռազմավարության համաձայն՝ Միացյալ Նահանգները ձգտում է արագ եւ բանակցային ճանապարհով լուծել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ առկա լարվածությունը։
«Ուկրաինայում լարվածության արագ լուծումը ԱՄՆ հիմնական շահերից է, քանի որ այն կկայունացնի եվրոպական տնտեսությունները, կկանխի պատերազմի չնախատեսված սրացումը կամ ընդլայնումը եւ կվերականգնի ռազմավարական կայունությունը»,- նշվել է փաստաթղթում։
Այն նաեւ քննադատում է եվրոպական կառավարությունների դիրքորոշումը. «Ուկրաինայում հակամարտությունը միայն մեծացրել է Եվրոպայի, մասնավորապես՝ Գերմանիայի արտաքին կախվածությունը»։ «Թրամփի վարչակազմը հակասության մեջ է եվրոպացի պաշտոնյաների հետ, որոնք անիրատեսական սպասումներ ունեն հակամարտությունից»,- նշվել է ռազմավարության մեջ։
Միեւնույն ժամանակ, նշվել է, որ Եվրոպան ռազմավարական եւ մշակութային առումով կենսական նշանակություն ունի Միացյալ Նահանգների համար, տրանսատլանտյան առեւտուրը մնում է համաշխարհային տնտեսության եւ ամերիկյան բարգավաճման հենասյունը, իսկ եվրոպական ոլորտները՝ արտադրությունից մինչեւ տեխնոլոգիաներ եւ էներգետիկա, մնում են ամենակայուններից մեկն աշխարհում։
«Մենք ոչ միայն չենք կարող թույլ տալ հաշվի չառնել Եվրոպան, դա ինքնաոչնչացնող կլիներ այս ռազմավարության իրականացման համար,- նշվել է ռազմավարության մեջ։- Մեր նպատակն է օգնել Եվրոպային շտկել իր ներկայիս ընթացքը։ Մեզ անհրաժեշտ կլինի ուժեղ Եվրոպա՝ հաջողությամբ մրցակցելու եւ համատեղ աշխատելու համար, որպեսզի թույլ չտրվի, որ որեւէ այլ հակառակորդ գերիշխի Եվրոպայում»։





























