Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այսօր՝ դեկտեմբերի 5–ին, շարունակվել է Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով դատական հերթական նիստը, որտեղ սկսվել է գրավոր ապացույցների հետազոտման փուլը։

Տուժողների շահերի ներկայացուցիչ Նորայր Նորիկյանն ասաց, որ ապացույցներից մեկով հիմնավորվում է հետևյալը՝  ինժեներասակրավորային վաշտի անձնակազմին 2022-2023 թվականների ձմռանը կացարանի ջեռուցումը ապահովելու համար որևէ վառելիք, վառելանյութ չի հատկացվել, ընդգծվում է, որ, ըստ երևույթին, կացարանը պետք է ջեռուցվեր  էլեկտրական տաքացուցիչների միջոցով։ Պարզվել է՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբից այդ տաքացուցիչները չեն տրամադրվել։

«Այստեղից  կարելի է  հանգել հետևության, որ տվյալ կացարանում  այդ ձմռանն ընդհանրապես վառարան չպետք է լիներ, որևէ  վառելիք ու վառելանյութ նախատեսված չի եղել։ Ես կարող եմ հանգել հետևության, որ եթե իսկապես իրականացվեր  էլեկտրական ջեռոցների միջոցով և այդ վառարանը չլիներ, հնարավոր է, որ այս ողբերգությունն էլ  տեղի չունենար։

Դրանից կարելի է  հանգել հետևության, որ կամ վաշտի հրամանատարի, կամ  ծառայության պետի, կամ պատասխանատու սպաների,  կամ իրենց վերադասների ինքնագլուխ գործունեության հետևանք է եղել այդ կացարանում վառարան տեղադրելը կամ ավելի բարձր հրամանատարության  հանձնարարությունը։

Հակառակ դեպքում, ինձ համար անհասկանալի է, եթե  պետք է վառարանով ապահովեր, վառելանյութ հատկացվեր, ինչու  չի հատացվել 2022-2023 թվականների ձմռան ամիսներին տաքացնելու նպատակով և եթե չի հատկացվել, այլ հարց է առաջանում՝ 5 լիտրանոց բենզիններն ինչի՞ համար էին հատկացվել,  ինչ պատճառաբանությամբ, եթե այս տեղեկանքի համաձայն կացարանը պետք է ջեռուցվեր էլեկտրական ջեռոցներով։

Կացարանի հրդեհից 1,5 ամիս առաջ ԶՈւ թիկունքի պետը, ով նաև այդ ոլորտը համակարգողն է, իրականացված ծառայողական քննություններից հետո հանգել էր հետևության, որ հակահրդեհային համակարգը ԶՈւ-ում վատ վիճակում է, ճգնաժամ կա ու խնդիրները շուտափույթ լուծում են պահանջում»,-ընդգծեց Նորիկյանը։

Նրա խոսքով՝ ստացվում է, որ դեպքից ընդամենը 1,5 ամիս առաջ ամենաբարձր մակարդակով է ասվել, որ այդ ոլորտում փնթի վիճակ է։ Նորիկյանը նշեց նաև, որ այդ ժամանակվա ուսումնասիրությունները ցույց էին տվել, որ անհրաժեշտ է վերափոխել հակահրդեհային պայքարի ամբողջ համակարգը, ըստ էության՝ 760-ով ավելացնելով հաստիքները։