Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով դատական հերթական նիստին, այսօր՝ դեկտեմբերի 5–ին, հանրային մեղադրողը միջնորդեց երեք ամսով երկարաձգել մեղադրյալ Եղիշե Հակոբյանի կալանքի ժամկետը։
Մեղադրողը նշեց, որ որ մեղադրյալի խափանման միջոց կալանքի վերաբերյալ դատարանի կողմից նախկին որոշմամբ արձանագրված հիմքերն ու պայմանները շարունակում են առկա լինել, որևէ կերպ չեն նվազել, չեն չեզոքացվել, այս փուլում խոչընդոտելու հնարավորությունը դեռ առկա է։
Հանրային մեղադրողը նշեց, որ որևէ այլընտրանքային խափանման միջոց ի զորու չէ չեզոքացնել ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու ենթադրյալ վտանգները։
Տուժողների շահերի ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը համամիտ էր այս դիրքորոշմանը։
Եղիշե Հակոբյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանն ասաց, որ դատաքննության ընթացում իր պաշտպանյալը ոչ միայն ազդեցություն չուներ, այլ չէր էլ կարող ունենալ որևէ վկայի վրա։ Նրա խոսքով, ներկայումս ապացույցների հետազոտման փուլն է և Եղիշե Հակոբյանը որևէ ազդեցություն ունենալ չի կարող, քանի որ ապացույցները գտնվում են դատարանի տրամադրության տակ։ Պաշտպանը միջնորդեց Եղիշե Հակոբյանի նկատմամբ կիրառել այլընտրանքային խափանման միջոցներ՝ համակցված՝ գրավ, բացակայելու արգելք, տնային կալանք։
Սա դուր չեկավ դահլիճում ներկա տուժողների հարազատներին. «Բայց ինքը ուզո՞ւմ է, կարողանալո՞ւ է հասարակության մեջ դուրս գալ, մարդկանց աչքերին նայել»,- ասաց նրանցից մեկը։
Դատավորը որոշեց մեղադրյալ Եղիշե Հակոբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքի ժամկետը երկարաձգել 3 ամիս ժամկետով։
Դատական հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 29-ին։ Այս անգամ նիստը կկայանա Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վարդենիսի նստավայրում, քանի որ, ինչպես նշեց դատավորը, զննելու են իրեղեն ապացույցները, որոնց ծավալը մեծ է, հնարավոր չէ տեղափոխել։





























