Բարմեն Քեթին Հայաստան է եկել Վրաստանից կես տարի առաջ, սակայն արդեն բավականին հայտնի է երեւանյան ակումբային հասարակության մեջ: Անկրկնելի բար-շոուի ժամանակ Քեթին կիրառում է վարպետ դերասանի եւ պարուհու իր հմտությունները: Նրա կիրքը թատրոնն ու ալկոհոլն են, նրա մասնագիտությունը` մարդկանց ուրախություն նվիրելը: «Բարմեն լինելը միայն արագ կոկտեյլ պատրաստելը չէ, այլ հաճախորդի հետ խոսել կարողանալու, նրան հիացնելու, մթնոլորտը ջերմացնելու ունակություն»,  - ասել է Քեթին NEWS.am-ի լրագրողին Քամի ակումբում, որտեղ էլ նա բարմեն է աշխատում:

Քեթի, պատմիր` ինչպե՞ս ես դու բարմեն դարձել: Չէ՞ որ դա սովորաբար տղամարդու մասնագիտություն է, հատկապես մեզ մոտ` Կովկասում:

Ամեն ինչ շատ պատահական ստացվեց: Ավելի շուտ մասնագիտությունն ընտրեց ինձ: Ես մասնագիտությամբ դերասանուհի եմ, սակայն թատրոնում շատ փող չես աշխատի, եւ 6 տարի առաջ ես գնացի ակումբ մատուցողուհի աշխատելու: Մի անգամ ինձ մոտեցավ ակումբի տնօրենը եւ առաջարկեց անցնել բարի սեղանից այն կողմ` բարմենի օգնականի կարգավիճակով: Ըստ նրա` իմ արտաքինը եւ ընդհանրապես կերպարը համապատասխանում էին այդ աշխատանքի համար: Կես տարի անց ես արդեն ինքնուրույն էի աշխատում:

Ինչպիսի՞ հատկանիշներ պետք է ունենալ այդ մասնագիտության մեջ հաջողության հասնելու համար:

Պետք է հանգիստ լինել, լավ շարժվել, իսկապես սիրել ալկոհոլը եւ հոյակապ իմանալ եւ տարբերակել բոլոր համային նրբերանգները: Չլցնելով կամ լցնելով թեկուզ մի գրամ` ամեն ինչ կարող է փչանալ:

Ոչ մի դեպքում համեստ կամ լուռ չպետք է լինել: Պետք է այնպես անել, որ բոլոր հաճախորդները միայն քեզ նայեն: Դա ինձ մոտ հեշտ է ստացվում շնորհիվ նաեւ իմ պարային վարպետության: Ես իմ շոուն եմ անում, որը շատ հանրահայտ է հաճախորդների շրջանում:

Իսկ ինչպե՞ս են քո ծնողները վերաբերում քո մասնագիտական գործունեությանը:

Ես հայր չունեմ, իսկ մայրս ժողովրդավարական մարդ է եւ հանգիստ է վերաբերվում: Ես միշտ ազատամիտ եմ եղել եւ արել այն, ինչ ուզել եմ:

Քեթի, դու Երեւանում շա՞տ երկրպագուներ ունես:

Այո, շատ (ծիծաղում է):

Ասա, իսկ որտեղ են տղաներն ավելի համակրելի` Վրաստանո՞ւմ, թե՞ Հայաստանում:

Անկե՞ղծ (Քեթին բարձր ծիծաղում է եւ մի քանի վայրկյան չի պատասխանում): Եթե անկեղծ, ապա արտաքնապես վրացի տղամարդիկ համակրելի են: Սակայն հայերն այնքան նրբանկատ են: Այստեղ ինձ շատ հաճախ են նվերներ անում: Չես հավատա, ուղղակի, առանց որեւէ հետին մտքի: Գիտես, երբեմն, երբ ես մի քիչ գինովցած եմ լինում, կարող եմ հաճախորդին ասել (աչքով է տալիս) «ինձ ներքնաշոր նվիրիր», հաջորդ օրը ես այն ստանում եմ: Եւ ամենաապշեցուցիչն այն է, որ ինձանից անգամ հեռախոսահամարս չեն ուզել: Ինձ այստեղ ոչ ոք չի նեղացրել: Ես շատ եմ սիրում իմ հաճախորդներին, իսկ շատերն  էլ դարձել են իմ ընկերները: 

Ինչի՞ համար ես դու համաձայնել աշխատել Երեւանում: Այստեղ ավելի բա՞րձր են վարձատրում:

Ոչ, փողի հարցը չէ: Ես ամեն տեղ էլ լավ եմ վաստակում: Թբիլիսիում ոչ պակաս, եթե ոչ ավելի: Ես այնտեղ ամենահայտնի աղջիկ բարմենն եմ: Ինձ Երեւան է հրավիրել մի շատ մտերիմ ընկեր: Սկզբում ուղղակի հանգստանալու համար: Դե հետո արդեն նա ամեն ինչ արեց, որպեսզի ես մնամ աշխատելու, եւ ես համաձայնեցի: Չեմ զղջում իմ որոշման համար: Ես շատ եմ սիրում Երեւանը եւ բոլորին ասում եմ, որ սա իմ երկրորդ հարազատ քաղաքն է:
Այստեղ մեր զրույցն ընդհատեցին 2 բարետես աղջիկներ, որոնք գրկեցին եւ համբուրեցին մեր հերոսուհուն: Մի քանի րոպե անց նա վերադարձավ փայլող աչքերով եւ սկսեց պատմել:

Ահա թե ինչ էի ուզում նաեւ պատմել: Ես ցնցված եմ հայ աղջիկներից: Գիտես, Թբիլիսիում շատ հազվադեպ է մի աղջիկ մյուսին հաճոյախոսություն անում: Բոլորը նախանձ են: Այստեղ աղջիկներն ավելի ընկերասեր եւ անկեղծ են: Ես շատ եմ սիրում հայուհիներին:

Ակումբներն ավելի լավն են Երեւանում, թե՞ Թբիլիսիում:

Թբիլիսիում ակումբներն ավելի շատ են եւ ավելի հետաքրքրիր դիզայնով եւ ակումբային մասսայի որակով, եթե կարելի է այդպես ասել: Երեւանում ակումբ են թողնում ում ասես, «ֆեյս կոնտրոլ» եւ «դրեսս կոդ» հասկացությունը գոյություն չունի: Ահա, օրինակ` ես Թբիլիսիում շատ հանրահայտ եմ, ինձ բոլորը գիտեն, բաըց եթե ես գամ անհամապատասխան հագուստով, ապա ինձ ներս չեն թողնի: Եւ ոչ մի ծանոթություն կամ կապեր չեն օգնի: Իսկ Երեւանում դա խնդիր է, չնայած որ Քամի ակումբը, որտեղ ես այժմ աշխատում եմ, բացառություն է: Այստեղ հավաքվում է շատ լիբերալ եւ քաղաքակիրթ հասարակություն: 

Կոկտեյլների քանի՞ բաղդրատոմսեր դու գիտես:

Շատ շատ, եւ հետո ես իմ բաղադրատոմսերն էլ ունեմ: Չէ որ ես իմ սեփական կոկտեյլների շոուն եմ անում: Իհարկե, դա շատ թանկ հաճույք է, բայց բոլորին դուր է գալիս եւ այն հաճախ են պատվիրում:

Իսկ ո՞րն է քո ֆիրմային կոկտեյլը: Կկիսվե՞ս բաղադրատոմսով:

Ոչ մի խնդիր չկա, դու ամեն դեպքում այն չես կարող կրկնել, ծիծաղում է Քեթին:

Իմ ֆիրմային կոկտեյլը կոչվում է «Բանդիտոս»: Բաղադրամասերից մեկը թեքիլան է: Ամբողջ հարցը նրանումն է, որ ես բարի սեղանին կանգնում եմ ծնկներիս վրա, իսկ հաճախորդը գլուխը դնում է ծնկներիս: Ատամներով պահում եմ լայմը: Երկարած ձեռքերով պահելով շիշը` ես պետք է միաժամանակ շշից լցնեմ հաճախորդի բերանի մեջ եւ դանդաղ կռանալով դեպի նա` տամ նրան լայմը: Կարող եմ նույնիսկ թեթեւորեն համբուրել հաճախորդին, եթե նա համակրելի է, իհարկե:

Դու հանդիպո՞ւմ ես ինչ-որ մեկի հետ:

Այո, ես ընկեր ունեմ (մի քիչ ամաչկոտ, բայց անփոփոխ ժպիտով): Նա կարող է այսօր ակումբ գալ: 
Չի խանդում, չէ՞,  որ դու երբեմն համբուրում ես հաճախորդին:
Դե, ես շատ թեթեւակի եմ համբուրում: Ոչ, նա հասկանում է, որ դա աշխատանք է:
Ինչքա՞ն երկար դու կմնաս Երեւանում:

Շոտով Թբիլիսիում նոր թատրոն է բացվելու, որտեղ ես մասնակցելու եմ լուրջ ներկայացման մեջ: Հաստատ դեռ չգիտեմ, բայց մի քանի ամիս դեռ Երեւանում կլինեմ:

Ինչպե՞ս ես դու պատրաստվում համատեղել թատրոնի կյանքը գիշերային կյանքի հետ:

Ցերեկը եւ երեկոյան` թատրոնում, իսկ գիշերը` ակումբում: Գիտես, ես համարյա չեմ քնում: Ես այնքան էներգիա ունեմ, որ չգիտեմ ինչ անեմ: Թատրոնն ինձ համար շատ կարեւոր է, սակայն բարմենի մասնագիտությունից էլ չեմ ուզում հրաժարվել: Ես շատ անկախ մարդ եմ: Մայրս արդեն տասը տարուց ավելի է ապրում է Կիպրոսում, նա ապահովված է եւ ինձ ոչնչում չի մերժում, բայց ես ուզում եմ ամեն ինչի ինքս հասնել: Գիշերային ակումբում աշխատանքն իմ ապագա ֆինանսական անկախության երաշխիքն է:

Ցանկություն չկա՞ Եվրոպայում աշխատելու:

Ցանկություն կա եւ կան արդեն առաջարկներ: Հրավիրել են աշխատելու Լոնդոնի ակումբներից մեկում: Ես կուզեի փորձել: Թատրոնի ներկայացումից հետո նախատեսում եմ ընդունել այդ առաջարկությունը