Լիբանանի բանակը վեց մարդու է ձերբակալել, այն բանից հետո, երբ զինված անձինք հարձակվել են երկրի հարավում պարեկություն իրականացնող ՄԱԿ-ի խաղաղապահների վրա, հաղորդում է AFP-ն։
Լիբանանում ՄԱԿ-ի զինված ուժերը (UNIFIL) հայտնել են, որ երեք մոպեդով երթևեկող վեց տղամարդիկ հինգշաբթի օրը կրակ են բացել պարեկային մեքենայի վրա՝ առանց վնասվածքներ պատճառելու։
Բանակի հետախուզական գործակալությունը հետաքննել է հարձակումը և ձերբակալել վեց լիբանանցի կասկածյալների, ասվում է շաբաթ օրը տարածված հայտարարության մեջ։
Բանակը հայտարարել է, որ չի հանդուրժի UNIFIL-ի վրա հարձակումները, որոնք, ըստ բանակի, կարևոր կայունացնող դեր են խաղում Լիտանի գետի հարավում՝ Իսրայելի սահմանի մոտ։
ՄԱԿ-ի Լիբանանում Ժամանակավոր ուժերին հանձնարարվել է 1978 թվականի մարտից կատարել Իսրայելի և Լիբանանի միջև բուֆերային գործառույթներ և վերահսկել 2024 թվականի նոյեմբերին կնքված հրադադարը, որն ուղղված է եղել Իսրայելի և «Հեզբոլլահ» շարժման միջև ավելի քան մեկ տարի տևած մարտական գործողությունները դադարեցնելուն։
Ենթադրվում էր, որ զինադադարը կհանգեցնի Լիբանանից իսրայելական զորքերի դուրսբերմանը և հարձակումներից զերծ մնալուն, մինչև շարժման զինաթափվելը։ Սակայն «Հեզբոլլահ»-ը դիմադրում է այդ ջանքերին և վերջին շաբաթներին Իսրայելն ուժեղացրել է իր մշտական հարվածները՝ մեղադրելով շարժմանը իր ուժերը համախմբելու փորձերի մեջ։




























