Այս պահին պատիվը ունեմ փոխանցելու ազգիս վեհափառ Հայրապետի նորին սուրբ օծություն Տեր–Տեր Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական օրհնությունները և ջերմագին ողջույնները, Հայ հեղափոխական դաշնակցության 135– ամյակին նվիրված այս հանդիսության բոլոր ներկաներիդ և ընդհանրապես աշխարհասփյուռ բոլոր նրանց, որոնք ուրախությամբ, հպարտությամբ և իրական եղբայրական սիրով նշում են այս հոբելյանը և ուրախանում մեր ազգի հետ միասին։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 6–ին, ՀՅԴ–ի հիմնադրման 135–ամյակին նվիրված հանդիսավոր արարողության ժամանակ նշեց Նաթան Սրբազանը։ Նա իր ելույթը սկսեց տերունական աղոթքով։

«135–ամյալ, հոբելյան, կարծում եմ, որ նման ճամփա անցնելուց հետո ամեն տարին էլ հոբելյան է։ Թվի կլոր կամ ոչ հոբելյանական լինելու կամ ոչ հարցը չէ։ Հոբելյան երբ մենք ասում ենք ուրեմն մենք այդ նշում ենք յուրահատուկ ուրախությամբ և յուրահատուկ վերաբերմունքով։ Եվ երբ նայում ենք այս անցնող 135 տարիներին, կարծես թե շարժապատկերի պես մեր աչքի առջև անցնում է մեր ժողովրդի պատմությունն ու կյանքը, լինել–չլինելու պահերը, կորուստների և հաղթանակների ժամանակները, և այսօր էլ շարունակվում է այդ շարժապատկերը առաջ գնալ  135 տարիներ տեսիլքով միավորված։

Այն տեսիլքով, որ մեր ժողովրդի ազատության, ինքնիշխանության և ազգային ինքնության գագաթին էր գնում։ Եվ մենք գոհունակությամբ հիշում ենք և ուզում ենք հիշատակել այդ ճանապարհի մեջ Հայ հեղափոխական դաշնակցության կարևոր մի առաքելություն, որ սկսվել է 19-րդ դարի վերջին, այնուհետև անցել է ամբողջ դժվարին 20-րդ դարը և այսօր 21-րդ դարի առաջին քառորդին էլ իր առաքելության կարիքը ունենք։

Ես անձնապես իմ կողմից երբևէ առիթը չեմ բաց թողնում Հայ հեղափոխական դաշնակցության կյանքի կենսագրության նրա արածների մասին խոսելիս հիշատակելու հատկապես կարևոր մի առաքելություն՝ մեր մատաղ սերունդների հայ ազգային ոգով ինքնությունը պահպանելու և հայրենիքը պաշտպանելու անկոտրում ոգու դաստիարակության գործում»,– ընդգծեց Սրբազանը։

Նա հավելեց, որ որպես հոգևորական իր առաքելության ընթացքում շատ է շփվել երիտասարդաց միությունների հետ, որոնց առաջնորդում և ուղղորդում է ՀՅԴ–ն։

«Անուրանալի է նաև այս կուսակցության կարևոր դերը Հայոց ցեղասպանության ճանաչման գործում տարբեր երկրների, տարբեր ազգերի կողմից։ Եվ այսօր էլ, ցավոք դեռևս կան պայքարի առաջնագծեր և որտեղ վստահ ենք որ ինչպես միշտ առաջնայինը եղել է մնայունը, այլ ոչ թե գնայունը, դրանով առաջնորդված պիտի գնան դեպի ազգի նորանոր հաղթանակների։

Թող Տիրոջ օգնականությունը մշտապես լինի մեր ազգին։ Թող Տիրոջ լույսը մշտապես լուսավորի մեր ժողովրդի կյանքի ճանապարհը և Տիրոջ օրհնությամբ ապրենք խաղաղ բարօր և որպես հայ պահպանելով պաշտպանելով մեր սեփական պատմությունը, մեր ինքնությունը, մեր ով լինելը և աշխարհը մշտապես իմանա, որ հայը եղել է, կա ու կլինի։ Ամեն»,– իր խոսքն ամփոփեց Սրբազանը։