Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին շաբաթ օրը Kyodo-ին տված բացառիկ հարցազրույցում կոչ է արել Ճապոնիային ներկայացնել անցյալում ունեցած ատոմային աղետների դեմ պայքարի փորձը և օգնել Իրանին ապահովել այն օբյեկտները, որոնք լուրջ վնաս են կրել Իսրայելի և ԱՄՆ-ի վերջին հարվածների հետևանքով։

Արաղչին ասել է, որ Իրանի միջուկային օբյեկտները «հրթիռակոծվել են, ավերվել և լուրջ վնասվել» հարձակումների ժամանակ, որոնք, ըստ նրա, եղել են «միջազգային իրավունքի, թերևս, ամենախոշոր խախտումը», որ երբևէ իրականացվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հսկողության տակ գտնվող միջուկային օբյեկտի դեմ։

Խոսելով ԱՄՆ-ի հետ փակուղի մտած միջուկային բանակցությունների հեռանկարների մասին՝ Արաղչին հավելել է, որ Իրանը բաց է դիվանագիտության համար, բայց միայն այն պայմաններում, որոնք երաշխավորում են «արդար և հավասարակշռված» արդյունք։

«Դա կախված է Միացյալ Նահանգներից», – ասել է նա։

Միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները փակուղի են մտել, քանի որ ԱՄՆ-ն, նախագահ Դոնալդ Թրամփի օրոք․ պահանջում է, որ Իրանը լիովին դադարեցնի ուրանի հարստացումը, ինչը Թեհրանը մերժել է։

«Ես կասկած չունեմ, որ Ճապոնիան հստակ գիտելիքներ ունի միջուկային օբյեկտների անվտանգության բարձրացման վերաբերյալ, և այդ գիտելիքները կարելի է կիսել Իրանի հետ», – նշել է նա՝ հղում անելով միջուկային ճգնաժամերից հետո իրականացված լայնածավալ աշխատանքները՝ բնապահպանական, բժշկական և տեխնիկական անվտանգության միջոցառումների ուղղությամբ։

Ճապոնիան անցել է ԱՄՆ-ի կողմից Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծությունները 1945 թվականին և «Ֆուկուսիմա-Դայիչի» ԱԷԿ-ի վթարը 2011 թվականին։ Արաղչին ընդգծել է, որ հնարավոր համագործակցությունը կվերաբերի տեխնիկական անվտանգությանը, այլ ոչ թե տեսչություններին, ինչը ՄԱԳԱՏԷ-ի մանդատն է։

«Ինչ վերաբերում է այս անվտանգության խնդիրների տեխնիկական կողմերին, Ճապոնիայի հետ համագործակցությունը կարող է շատ օգտակար լինել», – նշել է Իրանի ԱԳՆ ղեկավարը։

Ըստ նրա, Իրանը բախվում է անվտանգության սպառնալիքների բարդ համադրության, որոնց նախկինում երբեք չի բախվել՝ հղում անելով կառուցվածքային վնասներին և ռադիացիայի հնարավոր արտահոսքին հունիսյան հարվածներից հետո։

Քանի որ «չկա խաղաղ միջուկային օբյեկտի ռմբակոծման նախադեպ», արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է, որ հարվածները բացահայտել են ՄԱԳԱՏԷ-ի ընթացակարգային լուրջ բացն այն հարցում, թե ինչպես պետք է իրականացվի նման օբյեկտի տեսչությունը, հաղորդում է Mehr-ը։