Փետրվարի 3-ին ՀՀ  Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Լիչին: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԺ մամուլի ծառայությունից, ողջունելով հյուրին եւ շնորհավորելով նշանակման կապակցությամբ`ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանի ու Մեծ Բրիտանիայի միջեւ առկա է երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունները զարգացնելու բավականին լայն դաշտ ե՜ւ երկու պետությունների, ե՜ւ եվրոպական կառույցների մակարդակով: Այդ գործում Ազգային ժողովն ունի իր մասնակցությունը, եւ Սամվել Նիկոյանը պատրաստակամություն է հայտնել, որպես խորհրդարանի նախագահ աջակցել  համագործակցության ընդլայնմանը:

Մեծ Բրիտանիայի դեսպանը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` նշել է, որ իր փորձն ու կարողությունները կներդնի տարբեր բնագավառներում երկկողմ հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար:

Հանդիպման կողմերը կարեւորել են մասնավորապես փոխհարաբերությունների տնտեսական ոլորտը կանոնակարգող իրավապայմանագրային դաշտի ամբողջական ձեւավորումը, որը լավ երաշխիք կլինի փոխշահավետ գործակցության զարգացման համար:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի վրա: