Երկրաշարժի 37–րդ տարելիցի օրը Նիկոլ Փաշինյանը հարամեց գյումրեցիների սուգը, քաղաքական խարդավանքներ սերմանելով և զավթեց Յոթ Վերք եկեղեցին իր սեփական պատարագը անելով։ Այս մասին ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։

«Այն ինչ տեղի է ունենում Գյումրիում, նախապատրաստություն է այն ամենի, ինչ տեղի կունենա առաջիկայում։ Եթե կարելի է գնալ զավթել մի եկեղեցի ու այնտեղ բոլոր քո համար ընդունելի Սրբազանին, երգիչներին, քահանա, որը պատրաստ է Միքայել Սրբազանի հայտարարությունից հետո մտնել եկեղեցի եւ պատարագ մատուցել։ Այսինքն, նույն բանը հնարավոր է անել Մայր տաճարում, սա ռեպետիցիան է Մայր Տաճարում սպասվող պատարագի։ Այսինքն կարող են գրավել Մայր Տաճարը, ոստիկանական գվարդիան մտցնել, բերել իրենց համապատասխան սրբազանին, շրջիկ հավատացյալներին, պաշտոնյաներին, երգիչներին»,– ասել է Էդմոն Մարուքյանը։

ԼՀԿ առաջնորդի կարծիքով, հնարավոր է Գարեգին Երկրորդին կալանավորեն եւ դրսից բերված քահանաներով անել պատարագ. «Այն ինչ տեղի է ունենում Յոթ Վերք եկեղեցում եւ այն ինչ որ Փաշինյանն անում է, ամբողջությամբ արգելված են ՀՀ Քրեական օրենսգրքով, Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններով, այս ամենը դատապարտելի է եւ քրեորեն պատժելի»։