Եվրոպայում սառեցված ռուսաստանյան ակտիվները կբավականացնեն, որպեսզի ևս մի քանի տարի «ուկրաինացիներին փամփուշտների պես ծախսեն»։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է «Вести»-ն։
«Այդ գումարները, որոնց մասին նրանք խոսում են, սկզբունքորեն կբավականացնեն, որպեսզի ևս մի քանի տարի ուկրաինացիներին փամփուշտների պես ծախսեն»,- ասել է նախագահի մամուլի քարտուղարը «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» ծրագրի հեղինակ և համավարող Պավել Զարուբինին։
Եթե ռուսաստանյան ակտիվները բռնագրավեն, ապա դրա համար պատասխանատվություն կկրեն ինչպես կոնկրետ մարդիկ, այնպես էլ ամբողջական երկրներ, հավելել է Դմիտրի Պեսկովը։
Դեկտեմբերի 3-ին Եվրահանձնաժողովը հրապարակել է 2026-2027 թվականներին Ուկրաինայի ֆինանսավորման երկու տարբերակ։ Դրանցից մեկը ենթադրում է ՌԴ ակտիվների հարկադիր առգրավում. ըստ Politico-ի՝ Կիևին օգնելու համար ԵՀ-ն առաջարկում է բռնագրավել 165 մլրդ եվրո։
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը դեկտեմբերի 5-ին հանդիպում է անցկացրել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերի հետ՝ Ուկրաինայի և ՌԴ ակտիվների հարցով։ Դրանից հետո ԵՀ ղեկավարն X-ի իր էջում գրել է, որ բանակցությունները կողմերին համաձայնության չեն բերել։
Բարտ դե Վևերը խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է, որ սառեցված ակտիվների օգտագործման համար պետք է պահպանվի երեք պայման՝ բոլոր ռիսկերի բաշխում Եվրամիության բոլոր երկրների միջև, միջոցների պահանջ հավասար մասնաբաժիններով ԵՄ բոլոր այն երկրներից, որոնք ունեն ռուսաստանյան ակտիվներ, ինչպես նաև «իրացվելիության և ռիսկերի պաշտպանություն», գրում է «Коммерсантъ»-ը։