Մոսկվան պատրաստ չէ աջակցել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւի նորացված նախագծին,  որը մեղմվել է ռուսական կողմի առաջարկություններից հետո: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գենադի Գատիլովը:

«Դա բավարար չէ, որպեսզի կարողանանք աջակցել փաստաթղթին այդ տեսքով»,-ասել է Գատիլովը:

Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, դիվանագետը խոստովանել է, որ  Ռուսաստանի եւ նրա դաշնակիցների որոշ «մտահոգություններ»  հաշվի են առնվել նախագծում, սակայն նախագծի տեքստը Ռուսաստանի մոտ դեռեւս անվստահություն է   առաջացնում:

Գատիլովի խոսքով` ռուսական կողմը առաջիկա օրերին պատրաստ է զբաղվել փաստաթղթի լրամշակմամբ:  Դա նշանակում է, որ «ոչ վաղը, ոչ մյուս օրը» ԱԽ-ում քվեարկություն չի կարող լինել:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am –ը, ՄԱԿ ԱԽ-ն համաձայնեցրել էր Սիրիայում արյունահեղության դադարեցմանն ուղղված բանաձեւի նախագիծը: Սակայն Ռուսաստանը հասկացրել էր, որ կօգտվի վետոյի իր իրավունքից, եթե այն քվերակության դրվի փետրվարի 3-ին: