Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը ստացել է հերթական պարգևը՝ Ռոսգվարդիայի «Մարտական տարբերության համար» մեդալը։ Այն նրան անձամբ է հանձնել գերատեսչության տնօրեն Վիկտոր Զոլոտովը՝ Գրոզնիում կայացած միջոցառման ժամանակ, հայտնել է հանրապետության կառավարության նախագահ Մագոմեդ Դաուդովը։ Ըստ նրա՝ Կադիրովը մեդալին արժանացել է Ուկրաինայի դեմ պատերազմի «նպատակների և խնդիրների իրականացման գործում ներդրման համար»։ «Այս պատվավոր պարգևը Ռամզան Ահմատովիչի անձնազոհ աշխատանքի, արիության և Ռուսաստանի ազգային շահերի պաշտպանության գործում ունեցած ամուր դիրքորոշման ուղղակի ապացույցն է»,- նշել է Դաուդովը։
Ըստ դրույթի՝ նշված մեդալը շնորհվում է զինվորական պարտականությունները կատարելիս ունեցած հատուկ աչքի ընկնելու կամ «հատուկ գործողությունների» ժամանակ ենթակաների հաջող ղեկավարման համար։ 2025 թվականի մարտին նմանատիպ պարգև է ստացել Կադիրովի այդ պահին 17-ամյա որդին՝ Ադամը։ Իսկ դեկտեմբերի 8-ին նրան շնորհվել է Ռոսգվարդիայի պատվոգիր՝ «սահմանադրական կարգի պաշտպանության, հասարակական անվտանգության և իրավակարգի ապահովման գծով խնդիրների կատարմանը» աջակցելու համար։
Սա Ռամզան Կադիրովի առնվազն 37-րդ պարգևն է Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից ի վեր: Օգոստոսի սկզբի դրությամբ այդ թիվը հասել էր 31-ի, ըստ «Վերստկայի»: Սակայն, այդ ժամանակվանից ի վեր Կադիրովը մրցանակ է ստացել դպրոցականների թվային գրագիտության բարելավման համար, «Ռուսաստանում ֆերմերային շարժման զարգացման գործում ունեցած ներդրման համար» մեդալ, «Վեդենսկի քաղաքային շրջանին մատուցած ծառայությունների համար» մեդալ, Հյուսիսային Կովկասի մուսուլմանների համակարգող կենտրոնի «Սուննայի պաշտպան» շքանշան, ինչպես նաև երկու անգամ արժանացել է Չեչնիայի հերոսի կոչման:
Երկրորդ տարածաշրջանային «Ոսկե աստղը» հանրապետության ղեկավարին հանձնվել է նրա ծննդյան օրը՝ հոկտեմբերի 5-ին։ Դաուդովը նշել է, որ 49-ամյա Կադիրովի ծառայությունները Չեչնիայի և Ռուսաստանի հանդեպ «անհնար է գերագնահատել» և դրանք «արժանի են հատուկ ուսումնասիրության»։
Ադամ Կադիրովը պարգևների քանակով երկրորդ տեղն է զբաղեցնում իր հորից հետո։ Պատերազմի սկզբից ի վեր նա ստացել է 17 պարգև, ընդ որում դրանց կեսը՝ ընդամենը երկու ամսվա ընթացքում (2023 թվականի հոկտեմբեր-նոյեմբերին), Ղուրանն այրելու համար ձերբակալված անձին ծեծելուց կարճ ժամանակ անց։ Ադամի ցանկում կա մեկ պետական և վեց տարածաշրջանային պարգև, վեց գերատեսչական մեդալ, երեք պարգև՝ հասարակական կազմակերպություններից, ինչպես նաև «Լիբիայի պատվավոր հյուր» մեդալ։




























