Հայաստանը շատ հարգալից է վերաբերվում ՀԱՊԿ-ի և ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) որոշումներին։ Այս մասին տեսազանգի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ, Պետական դումայի անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի նախագահի տեղակալ Անատոլի Վիբորնին՝ պատասխանելով ՀԱՊԿ մարմինների աշխատանքներում ՀՀ-ի չմասնակցելու մասին հարցին։

«Միջխորհրդարանական չափման տեսանկյունից մեր գործընկերները, մի կողմից, չեն մասնակցում միջոցառումներին, միևնույն ժամանակ Հայաստանը հայտարարել է, որ դեմ չէ այն բոլոր որոշումներին, որոնք ընդունվում են։ Ինչպե՞ս ենք մենք դրան նայում։

Այսօր ամբողջ աշխարհը տեսնում է, որ ՀԱՊԿ-ը, ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովը աշխարհում միակ հարթակներն են, որտեղ որոշումները կայացվում են բացառապես բարի կամքով, որևէ ճնշում հաստատ չկա, մենք չափազանց հարգալից ենք վերաբերվում գործընկերների որոշումներին և չկան բողոքներ։ Եվ Հայաստանը չափազանց հարգալից է այն որոշումների նկատմամբ, որոնք մենք ընդունում ենք։ Սա չափազանց կարևոր է»,- հայտարարել է պատգամավորը։

Հստակեցնող հարցին, թե արդյոք Հայաստանի նման կախյալ վիճակը կապվա՞ծ չէ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի հետ և որքա՞ն կարող է այդպիսի դրությունը շարունակվել, պատգամավորն ընդգծել է, որ ՀԱՊԿ-ը կողմ է, որ բոլոր հարցերը կարգավորվեն բացառապես խաղաղ ճանապարհով։ Ըստ նրա՝ այդ մասին գիտեն և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը։ Միաժամանակ, Վիբորնին հիշեցրել է այն ներդրման մասին, որը կատարվել է դեռևս 90-ականների սկզբին՝ ԽՍՀՄ փլուզումից հետո, հակամարտության կարգավորման գործում։ «Մենք պատրաստ ենք հետագայում ևս ներդրում կատարել, որպեսզի մարդիկ չզոհվեն և բոլոր հարցերը լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով։ Թե որքան կտևի դա՝ կախված է Հայաստանից»,- եզրափակել է պատգամավորը։