Ամենայն հավանականությամբ 2025 թվականը կդառնա օդերևութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում երկրորդ կամ երրորդ ամենաշոգ տարին և ջերմաստիճանային ցուցանիշներով կարող է հավասարվել 2023 թվականին։ Այս մասին ասվում է Երկրի հեռազննման և քարտեզագրման եվրոպական Copernicus ծառայության զեկույցում։

Ըստ նրա տվյալների՝ անցյալ ամիսը դարձել է դիտարկումների ողջ պատմության ընթացքում երրորդ ամենատաք նոյեմբերը՝ 2023 և 2024 թվականներից հետո։ Նոյեմբերին Երկրի մակերևույթի միջին ջերմաստիճանը հասել է 14,02 աստիճանի, ինչը 0,65 աստիճանով բարձր է 1991-2020 թվականների միջին ցուցանիշից։

Փորձագետները նշում են, որ մարդու գործունեությամբ պայմանավորված կլիմայի փոփոխությունը հանգեցնում է ծայրահեղ եղանակային երևույթների հաճախականության և ինտենսիվության աճին։ Մասնավորապես, անցյալ ամիս Հարավարևելյան Ասիայում տեղի են ունեցել հզոր արևադարձային ցիկլոններ, որոնք հանգեցրել են լայնածավալ ջրհեղեղների և մարդկային զոհերի։