Խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում համագործակցությունն այնպիսի տեխնոլոգիապես զարգացած տերության հետ, ինչպիսին է Միացյալ Նահանգները, կարող է ձեռնտու թվալ, բայց Երևանը պետք է որոշում ընդունի՝ հիմնվելով այն փաստի վրա, որ Միացյալ Նահանգներն այս դարում կարողացել է կառուցել ընդամենը երկու էներգաբլոկ։ Դրա մասին NEWS.am թղթակցի հետ զրույցում հայտարարել է ռուսաստանցի էներգետիկ փորձագետ Բորիս Մարցինկևիչը։
Նա ընդգծել է, որ ռուսական պետական «Ռոսատոմ» կորպորացիան այս դարում մոտ 30 էներգաբլոկ է կառուցել։
«Եթե խոսենք այն մասին, թե ինչ է անհրաժեշտ Հայաստանի միասնական էներգետիկ համակարգին, ապա, ամենայն հավանականությամբ, դա միջին, այլ ոչ թե մեծ հզորության միջուկային բլոկներ են։ Այսինքն, օրինակ, 1000 մեգավատ, ոչ թե 1600 մեգավատ։ Միացյալ Նահանգները պարզապես նման ռեակտորներ չունի։ Բայց որոշումը, իհարկե, Երևանը պետք է ընդունի։
Միջուկային էներգետիկայի ոլորտում ԱՄՆ-ի հետ համագործակցելիս կարևոր է հիշել, որ ճառագայթված միջուկային վառելիքը կմնա Հայաստանում, իսկ բոլոր հեռացման հարցերն ընկնում են հաճախորդի երկրի վրա։ Դա ԱՄՆ գործող օրենսդրությունն է, և ոչ մի ամերիկյան ընկերություն չի խախտի իր սեփական օրենքները։ «Ռոսատոմի» դեպքում ճառագայթված վառելիքի վերամշակումն ավանդաբար իրականացնում է հենց «Ռոսատոմը»։ Պետք է տեսնել՝ ինչն է ավելի շահավետ»,- ընդգծել է Մարցինկևիչը։
Հիշեցնենք, որ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քուինը հիշեցրել է երկու երկրների միջև ստորագրված հուշագիրը էներգետիկ անվտանգության ոլորտում համապարփակ երկկողմ գործընկերության վերաբերյալ, որի նպատակն է արդիականացման և արտադրության ընդլայնման միջոցով բարձրացնել Հայաստանի էներգետիկ դիմադրողականությունը։
Ըստ նրա՝ այդ նպատակով ԱՄՆ-ը և Հայաստանը բանակցություններ են վարում այսպես կոչված «123-րդ համաձայնագրի» շուրջ, որը ԱՄՆ-ին հնարավորություն կտա քաղաքացիական միջուկային տեխնոլոգիաներ արտահանել Հայաստան։ Փորձագեը հավելել է, որ համաձայնագիրը կնպաստի համագործակցությանը, քանի որ Հայաստանը դիտարկում է Մեծամորի միջուկային ռեակտորից ժամանակակից, ճկուն համակարգերի անցնելու հեռանկարը։





























