Ռազմական քննիչները քրեական գործ են հարուցել Իվանովոյի մարզում Ан-22 «Антей» ինքնաթիռի կործանման առնչությամբ՝ թռիչքի կանոնների խախտման հոդվածով, հաղորդում է «Интерфакс»-ը՝ հղում անելով Ռուսաստանի քննչական կոմիտեին։

«Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի Իվանովոյի կայազորի ռազմական քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել Ռուսաստանի քրեական օրենսգրքի 351-րդ հոդվածով (թռիչքի նախապատրաստման կանոնների խախտում)՝ Ан-22 «Антей» ինքնաթիռի կործանման առնչությամբ»,- հայտարարել է գերատեսչությունը։

Քննիչների տվյալներով՝ ինքնաթիռում գտնվող բոլոր անձինք զոհվել են։

Ռուսաստանի քննչական կոմիտեն ներկայում հետաքննում է միջադեպի բոլոր հանգամանքները։

Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ երեքշաբթի Իվանովոյի մարզում վերանորոգումից հետո փորձարկման թռիչքի ժամանակ Ан-22 ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է վթարի ենթարկվել։

Ռուսական ավիատիեզերական ուժերի հանձնաժողով է ուղարկվել դեպքի վայր՝ ինքնաթիռի կործանման բոլոր հանգամանքները պարզելու համար, հայտնել են նախարարությունից։

Մարզային կառավարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ Ан-22-ի կործանման տարածքում գտնվող բնակավայրերը չեն տուժել։