Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մարկ Սեդվիլը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է «համակարգված ճնշում» գործադրեն Կալինինգրադի վրա՝ Ռուսաստանին դաշինքի դեմ ագրեսիայից զսպելու համար։ The Independent-ի համար նախատեսված իր սյունակում նա մեջբերել է հին չինացի ռազմավար Սուն Ցզիի խոսքերը. «Պատերազմի բարձրագույն արվեստը թշնամու կամքը կոտրելն է՝ առանց ճակատամարտի մեջ մտնելու։ Հարձակվի՛ր այնտեղ, որտեղ նա պատրաստ չէ. հայտնվի՛ր այնտեղ, որտեղ քեզ չեն սպասում»։ Սեդվիլը նշել է, որ ՆԱՏՕ-ն պետք է նույն կերպ գործի Մոսկվայի նկատմամբ։
Նա հիշեցրել է, որ Կալինինգրադը կախված է ցամաքային և ծովային մատակարարումներից, որոնք ՆԱՏՕ-ի երկրները կարող են վերահսկել։ Բացի այդ, ըստ Սեդվիլի, դաշինքը կարող է ազդել Ռուսաստանի այլ «խոցելի կետերի» վրա, մասնավորապես՝ հնացած ենթակառուցվածքի և արևմտյան տեխնոլոգիաներից կախվածության վրա։ «Մենք պետք է ցուցադրենք ռուսական էներգետիկ և ռազմական ենթակառուցվածքի վրա կիբերհարձակումներ իրականացնելու կարողությունը», – նշել է Ջոնսոնի նախկին խորհրդականը։ Սեդվիլն առաջարկել է նաև ձերբակալել ՆԱՏՕ-ի երկրների ջրերում ռուսական նավերը և ընդունել էքստերիտորիալ օրենսդրություն, որը թույլ կտա դաշինքի ռազմածովային ուժերին արձագանքել միջազգային ջրերում գտնվող մալուխների վրա հարձակումներին։ Սեդվիլը շեշտել է, որ նման գործողությունների ռիսկը «ոչ թե նրանում է, որ մենք հարձակումներ ենք հրահրում», քանի որ Ռուսաստանն «արդեն հարձակվում է»։ «Այլ ռիսկը նրանում է, որ գին չսահմանելու անկարողությունը հետագա ագրեսիա է հրահրում», – եզրափակել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ-ի ցամաքային ուժերի Եվրոպայում և Աֆրիկայում հրամանատար, գեներալ Քրիստոֆեր Դոնահյուն հայտարարել էր, որ անհրաժեշտության դեպքում ՆԱՏՕ-ն ի վիճակի է գրավել Կալինինգրադի մարզը չափազանց սեղմ ժամկետներում։ Նա ընդգծել էր, որ դաշինքն արդեն սկսել է իրականացնել «Զսպման գիծն արևելյան թևում» անունով ռազմավարությունը, որը թույլ կտա արդյունավետ պատասխան պատրաստել Ռուսաստանի կողմից եկող սպառնալիքներին։
Մինչ այդ ՌԴ նախագահի օգնական Նիկոլայ Պատրուշևը մեղադրել էր ՆԱՏՕ-ի երկրներին՝ զորավարժությունների ընթացքում Կալինինգրադի մարզը գրավելու գործողությունները մշակելու մեջ։ Նա նաև զգուշացրել էր Մեծ Բրիտանիայի և Եվրոպական միության մի շարք երկրների՝ Ռուսաստանի մուտքը դեպի ծովեր փակելու և Լենինգրադի ու Կալինինգրադի մարզերում նավահանգիստների աշխատանքը կաթվածահար անելու մտադրության մասին։ Միաժամանակ Պատրուշևը սպառնացել էր, որ նմանատիպ փորձերը կարժանանան «ադեկվատ և համաչափ հակահարվածի»։





























