Ռուսաստանի օդատիեզերական ուժերի (ՕՏՈւ) և Չինաստանի ռազմաօդային ուժերի (ՌՕՈւ) համատեղ պարեկությունը ցուցադրում է երկու երկրների կարողությունը՝ համատեղ ջանքերով տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը պահպանելու գործում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժան Սյաոգանը։
«Այս համատեղ ռազմավարական օդային պարեկությունը համագործակցության տարեկան ծրագրի մաս է կազմում և ցուցադրում է երկու երկրների վճռականությունն ու կարողությունը՝ տարածաշրջանային անվտանգության խնդիրները համատեղ լուծելու և տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը պահպանելու համար»,— նշել է նա։
Դեկտեմբերի 9-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ՌԴ Օդատիեզերական ուժերը և Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի (ՉԺԱԲ) ռազմաօդային ուժերը համատեղ օդային պարեկություն են անցկացրել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ Գերատեսչությունն ընդգծել է, որ «միջոցառումն անցկացվել է 2025 թվականի ռազմական համագործակցության ծրագրի իրականացման շրջանակներում և ուղղված չէ երրորդ երկրների դեմ»։
Պաշտպանության նախարարությունից նաև նշել են, որ «երթուղու առանձին հատվածներում ռազմավարական հրթիռակիրներին ուղեկցել են օտարերկրյա պետությունների կործանիչներ», իսկ առաջադրանքների կատարման ընթացքում ՌԴ Օդատիեզերական ուժերի և ՉԺԱԲ-ի ինքնաթիռները «գործել են խստորեն՝ միջազգային իրավունքի դրույթներին համապատասխան»։ Գերատեսչությունն ընդգծել է, որ «օտարերկրյա պետությունների օդային տարածքի խախտում թույլ չի տրվել»։




























