Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը փետրվարի 4-ին Հորմուզի նեղուցում` Պարսից ծոցից նավթի տեղափոխման ծովային հիմնական ճանապարհում, ռազմածովային զորավարժություններ է սկսել:
Ռազմածովային ուժերի նավերը մեկ ամսվա ընթացքում զորավարժանքներ կանցկացնեն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով իրանական լրատվամիջոցներին:
Հիշեցնենք, նախորդ տարվա դեկտեմբերի վերջին իրանական ռազմածովային ուժերը Հորմուզի նեղուցում արդեն «Վելայաթ-90» անվանումով զորավարժություններ են անցկացրել, որոնք ավարտվել են մեծ հեռավորության հրթիռների գործարկումով:
Պարսից ծոցում իրավիճակի սրումը տեղի է ունեցել Իրանի իշխանությունների`Հորմուզի նեղուցը փակելու հայտարարությունից հետո, այն դեպքում, եթե Արեւմուտքի երկրները պատժամիջոցներ կիրառեն Իսլամական Հանրապետությունից նավթի արտահանման նկատմամբ:
Ներկա պահին Պարսից ծոցում մարտական հերթապահություն է իրականացնում ԱՄՆ ռազմածովային ուժերի Carl Vinson ավիակիրը: Այդ շրջան է ժամանել նաեւ Abraham Lincoln ավիակիրը: Սպասվում է, որ մարտին Պարսից ծոց կժամանի Enterprise ավիակիրը:




























