ՌԴ պետական ծառայողները պետք է չափազանց զգույշ լինեն այլ պետությունների հատուկ ծառայությունների կողմից գաղտնալսման հնարավոր սպառնալիքի պատճառով, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Հատուկ ծառայությունները կատարում են իրենց աշխատանքը։ Հատկապես թշնամու գործակալությունները։ Սա պահանջում է, որ պաշտոնյաները չափազանց զգույշ լինեն», - ասել է Պեսկովը, մեջբերում է RTVI-ն։

Այսպես է նախագահի մամուլի քարտուղարը արձագանքել Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության պետ Կիրիլ Բուդանովի այն խոսքերին, որ Կիևը կարող է գաղտնալսել Կրեմլի պաշտոնյաներին։

Նոյեմբերի վերջին Bloomberg-ը հրապարակել է հեռախոսազրույցների սղագրություններ, որոնք իբրև տեղի են ունեցել ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի և ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի, ինչպես նաև նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի միջև։ Այն ժամանակ Ուշակովը, չմեկնաբանելով զրույցների բովանդակությունը, խոստովանել է, որ բավականին հաճախ է շփվում Ուիթքոֆի հետ, այդ թվում՝ WhatsApp-ով։ Նախագահի օգնականը ենթադրել է, որ «ինչ-որ մեկը արտահոսք է առաջացնում, ինչ-որ մեկը գաղտնալսում է» այդ զրույցները և հայտարարել է, որ դա հաստատ ռուսական կողմը չէ, այլ նրանք, ովքեր շահագրգռված են Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկխոսության խոչընդոտման գործում։