Դուք բոլորի հայտարարագրերին ունեք հասանելիություն, կարող եք բացել յուրաքանչյուրի հայտարարագիրը, տեսնել եկամուտները, համադրել դրանք ծախսերի հետ և հասկանալ՝ արդյոք ձեռքբերումները հիմնավորված են եկամուտներով թե ոչ։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 10–ին, կոռուպցիայի դեմ պայքարին նվիրված միջոցառման շրջանակներում, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նխարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ շատ պաշտոնյաներ բնակարաններ ու առանձնատներ են գնել։
«Եթե դուք որպես լրագրող, որպես մասնագետ ունեք մտահոգություն կապված ինչ-որ մեկի հայտարարագրի հետ, ազատ եք դիմում ներկայացնելու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որը ստեղծվել է 2020 թվականին։ Մեր երկրում կան մեխանիզմներ, որոնք ունակ են բացահայտել կոռուպցիոն դեպքերը և կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարծում եմ սիրով կզբաղվի հայտարարագրի վերլուծությամբ»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մեխանիզմը կիրառվում է միայն նախկին պաշտոնյաների դեպքում, Գալյանն ասաց. «Ես ձեզ վստահեցնում եմ, որ այդ գործիքը չի վերաբերում ինչ-որ նախկինի կամ նախկիններին, վերաբերում է բոլորին։ Ես հիմա չեմ կարող խոսել, թե ում վերաբերյալ ինչ ուսումնասիրություն կա։ Նույնիսկ այն ժամանակ, երբ ես եմ այնտեղ եղել, եղել են գործեր, որոնք վերաբերել են նաև գործող պաշտոնատար անձանց»։
Ինչ վերաբերում է Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի՝ ապօրինի գույքի բռնագանձման գործին, նախարարն ասաց. «Այո, իր մասով վարույթ ունեցել ենք, ժամանակին՝ 2024–ին, ներկայացվել է հայցը դատարան և եթե չեմ սխալվում հայցադիմումը մերժվել էր դատարանում։ Չեմ հիշում պատճառաբանությունը, մենք չենք բողոքարկել այդ որոշումը»։
Ինչ վերաբերում է նրան, որ Կճոյանի մասին բազում տեղեկություններ էին շրջանառվում, որ նա կոռուպցիայի մեջ է և հիմա իր միջոցով եկեղեցի է «բարենորոգվում», Գալյանն ասաց. «Չգիտեմ՝ ում միջոցով է մաքրվում եկեղեցին, եթե ինչ-որ անձանց միջոցով մաքրվում է, ես համակարծիք չեմ այդ դատողության հետ բացարձակ։ Եկեղեցին կարող է մաքրվել միայն քաղաքացիների ցանկությամբ և քաղաքացիների միջոցով»։











