Դա վատ չէ, որ Հայաստանում 2023 և 2024 թվականների կոռուպցիայի ընկալման համաթիվը նույն է մնացել, այսինք մենք ռեգրես չունենք։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 10–ին, կոռուպցիայի դեմ պայքարին նվիրված միջոցառման շրջանակներում, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նխարար Սրբուհի Գալյանը։

«Առնվազն մենք պրոգրես ենք ունեցել հեղափոխությունից անմիջապես հետո և այդ պրոգրեսը պահպանվել է մինչև հիմա։ Այսինքն այն բոլոր մտահոգությունները, որոնք բարձրաձայնվում են որպես ռեգրես, եկեք փաստենք, որ չեն համապատասխանում իրականությանը այն պարզ պատճառաբանությամբ, որ կոռուպցիայի ընկալման համաթիվը առնվազն մնացել է նույնը։ Դա չի նշանակում, որ մենք չպետք է ստեղծենք այնպիսի հնարավորություններ, որ համաթիվը փոփոխվի դրական առումով։ Եվ այդ փոփոխությունների հիմքում ընկած գաղափարները այսօր նախագծերի տեսքով նաև մենք ներկայացրինք և քննում ենք։

Ինչ վերաբերում է համակարգային կոռուպցիա կա թե չկա, իմ պատասխանը մեկն է ու միանշանակ է, որ ոչ, Հայաստանի Հանրապետությունում համակարգային կոռուպցիա չկա։ Հասկանալու համար թե ես ինչ եմ ասում, պետք է հասկանալ, թե ինչ է նշանակում համակարգային կոռուպցիա։

Իմ ասածը բնավ չի նշանակում որ մեր երկրում չկա կոռուպցիա մեր երկրում կան կոռուպցիոն դրսևորումներ ինչպես որ կան աշխարհում, ուղղակի մենք հաջողել ենք այնպիսի մեխանիզմներ ստեղծելու հարցում, որոնք այլևս ունակ են բացահայտելու նմանատիպ դեպքերը»,–ասաց նա։