Վրաց-ռուսական սահման տանող 23 կիլոմետրանոց ճանապարհը լիովին կգործարկվի 2028 թվականին։ Ըստ Грузия Online-ի՝ դրա մասին հայտարարել է ենթակառուցվածքների փոխնախարար Մզիա Գիորգոբիանին։
«Նախագիծը բաղկացած է երկու մասից։ Առաջին հատվածը 9 կիլոմետրանոց թունել է, որն արդեն փորվել է, և ներկայում ներքին աշխատանքներ են ընթանում ։ Երկրորդ հատվածը մուտքի ճանապարհ է, որը ներառում է թունելներ և եզակի կամարակապ կամուրջ։ Երկրորդ հատվածի աշխատանքները նախատեսվում է ավարտել 2028 թվականին։ Սակայն հնարավոր է, որ Գուդաուրի տանող ճանապարհը բացվի հաջորդ տարի»,- հայտարարել է Գիորգոբիանին։
Քվեշեթի-Կոբի ճանապարհը Կոբի-Գուդաուրի հատվածի շրջանցիկ ճանապարհ է, որտեղ ձմռանը ձնահոսքերը հաճախ են լինում, ինչը հանգեցնում է Ռուսաստանի հետ ցամաքային սահմանի փակմանը։
Թբիլիսիից Գուդաուրի երթևեկության տևողությունը շինարարության ավարտից հետո կկրճատվի 30 րոպեով՝ հասնելով 1 ժամ 30 րոպեի, իսկ Թբիլիսիից Ստեփանծմինդա ճանապարհը ներկայիս 2,5 ժամի փոխարեն, կտևի 1 ժամ 45 րոպե։




























