Եգիպտական մայրաքաղաք Կահիրեի Թահրիրի հրապարակում Ներքին գործերի նախարարության շենքի մոտ շարունակվում են զանգվածային հուզումները:

Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին», բողոքողները ոստիկանների վրա քարեր եւ ապակե շշեր են նետում, այրում են ավտոմեքենաների անվադողերը, իսկ օրինապահները արցունքաբեր գազով են պատասխանում: Եգիպտոսի առողջապահության նախարարությունը նշում է, որ անկարգությունների ընթացքում արդեն երեք մարդ զոհվել է, 2,5 հազարից ավելին տուժել են, այդ թվում` ոստիկաններ:

Միաժամանակ, բախումները շարունակվում են նաեւ եգիպտական այլ քաղաքներում, մասնավորապես` Ալեքսանդրիայում եւ Սուեցում, որտեղ եւս զոհեր եւ վիրավորներ կան:

Նոր հուզումների պատճառը Պորտ Սայիդի ողբերգությունն է, երբ փետրվարի 1-ին ֆուտբոլի ազգային առաջնության խաղից հետո Կահիրեի «Ալ-Ահլի» եւ տեղի «Ալ-Մասրի» թիմերի միջեւ վեճ է բռնկվել, որը վերաճել է կոտորածի: 74 մարդ զոհվել, 300-ից ավելին վիրավորվել են:

Պորտ Սայիդի դեպքերից հետո հազարավոր ցուցարարներ հավաքվել են Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում` Ներքին գործերի նախարարության շենքի մոտ, որպեսզի դժգոհություն արտահայտեն ոստիկանության գործողությունների նկատմամբ: Ցուցարարները պահանջել են զինվորականների անհապաղ հեռացումը եւ ՆԳՆ ղեկավարի դատապարտելը, որին մեղավոր են համարում Պորտ Սայիդի ողբերգության մեջ:

Ցուցարարները նաեւ պահանջում են կառավարության հրաժարականը եւ նախագահական շուտափույթ ընտրություններ: