Եվրոպական Միությունում Բելգիան նույնպես կարող է հայտնվել մեկուսացման մեջ՝ Հունգարիայի հետ մեկտեղ, եթե երկիրը չհամաձայնի բռնագրավել ՌԴ սառեցված ակտիվները՝ հօգուտ Կիևի։ Այս մասին գրում է Politico պարբերականը։
ԵՄ ներկայացուցիչները շաբաթվա ընթացքում երեք հանդիպում կանցկացնեն, որտեղ կքննարկվի Ռուսաստանի ակտիվների բռնագրավման վերաբերյալ Եվրահանձնաժողովի առաջարկած սխեման։ Բելգիան, որտեղ պահվում է այդ ակտիվների հիմնական մասը՝ դեմ է այդ ծրագրին։ Այս սխեման պաշտպանող երկրները ցանկանում են, որ այն հաստատվի ԵՄ գագաթնաժողովում, որը կմեկնարկի դեկտեմբերի 18-ին։ Եվրոպացի դիվանագետները պարբերականին հայտնել են, որ «ոչ բոլոր հույսերն են կորած»։ ԵՄ ներկայացուցիչները նախատեսում են քննարկել Բելգիայի կառավարության յուրաքանչյուր պահանջը և կփորձեն առավելագույնս մոտեցնել դրանց ակտիվների բռնագրավման պլանի ձևակերպումները։
Բայց եթե Բելգիայի վարչապետ Բարտ Դե Վեվերը շարունակի արգելափակել որոշումը, ապա նրան մեկուսացման կենթարկեն, ինչպես Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին, ում Բրյուսելը և ԵՄ երկրները քննադատում են «ժողովրդավարական նորմերից հեռանալու» և պատժամիջոցային քաղաքականության մեջ կոշտ հակառուսական գծին հետևելուց հրաժարվելու համար, գրում է պարբերականը՝ հղում անելով եվրոպական երկրներից մեկի անանուն դիվանագետի։ Բելգիայի ներկայացուցիչները «ձայն կկորցնեն» ԵՄ միջոցառումներում, իսկ 2028-2034 թվականների ընդհանուր բյուջեի վերաբերյալ երկրի ցանկությունները հաշվի կառնվեն վերջին հերթին։ Բացի այդ, կանտեսվի համաեվրոպական նախաձեռնությունների վերաբերյալ Բելգիայի կարծիքը, իսկ բելգիացի քաղաքական գործիչների զանգերին կդադարեն պատասխանել, պնդում է դիվանագետը։
Նման սցենարը «ծանր իրականություն» կլիներ այն երկրի համար, որը «բառացիորեն և խորհրդանշորեն» գտնվում է եվրաինտեգրման նախագծի կենտրոնում և միշտ համարվել է եվրոպամետ երկիր, գրում է պարբերականը։ Իր հերթին, թերթի զրուցակիցները նշում են, որ «հուսահատ ժամանակները պահանջում են հուսահատ քայլեր»։




























