Դեկտեմբերի 10-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքում. Անդրանիկի փողոցում կեղտաջրերի վնասված կոյուղատարի պատճառով կեղտաջուրը դուրս է թափվում և մի քանի կմ ճանապարհ հոսելով անհարմարություններ պատճառում բնակիչներին, հաղորդում է Shamshyan.com–ը։
20 ժամից ավելի է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով՝ «Վեոլիա ջուր»-ն ու Մալաթիայի թաղապետարանը՝ թաղապետ Ռոմիկ Մխիթարյանի գլխավորությամբ, «Վեոլիա ջրին» պատկանող մի քանի տեխնիկաներով ամեն ինչ անում էին, որպեսզի ժամ առաջ վթարը վերացնեն:
Ու մինչ աշխատանքներ էր իրականացվում, ամբողջ կեղտաջուրը մի քանի փողոցներով հասնում էր մինչև ժողովրդին հայտնի 4-րդ գյուղի խաչմերուկի հարևանությամբ գործող «Երևան սիթի» սուպերմարկետի 100-ից ավելի սննդի, առևտրի կետերի, վարսավիրանոցների և այլ օբյեկտների ու բնակիչներին պատկանող ավտոտնակների տարածք:
«Վեոլիա Ջուր»-ի 20-ից ավելի աշխատակիցներ հատուկ տեխնիկայով շարունակում էին աշխատանքները։ Մալաթիայի թաղապետարանն էլ միացել էր նրանց, և համատեղ մեծ դժվարությամբ փորձում էին խնդիրը կարգավորել, բայց որ այն մեկ-երկու օրվա գործ չէ, ակնհայտ է։
Կեղտաջրերը եթե մի քանի օր առաջ ընդամենը մի քանի ավտոտնակ էին լցվել, ապա հիմա տարածքի մեծ մասը ողողված էր կեղտաջրերով, և ջուրը հոսում էր ավտոտնակների միջից։




























