Դոնալդ Թրամփի վարչակազմը վերջին շաբաթների ընթացքում եվրոպացի գործընկերներին է փոխանցել մի քանի փաստաթղթեր, որոնք ներկայացնում են նրա տեսլականը պատերազմից հետո Ուկրաինայի վերականգնման և Ռուսաստանի՝ համաշխարհային տնտեսություն վերադարձի վերաբերյալ, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկյան և եվրոպական աղբյուրներին։

Փաստաթղթերում մանրամասնորեն ներկայացված են ամերիկյան ընկերությունների ծրագրերը՝ օգտագործել Ռուսաստանի սառեցված մոտ 200 միլիարդ դոլարի ակտիվները Ուկրաինայում նախագծերի համար, ներառյալ տվյալների խոշոր կենտրոնի կառուցումը, որը կաշխատի Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանից, որը ներկայումս օկուպացված է ռուսական զորքերի կողմից։

Մեկ այլ փաստաթղթում ներկայացված է ռուսական տնտեսությունը համաշխարհային տնտեսություն վերադարձնելու ծրագիր, որը նախատեսում է ամերիկյան ընկերությունների ներդրումները ռազմավարական ոլորտներում՝ սկսած հազվագյուտ հողային տարրերի արդյունահանումից մինչև Արկտիկայում նավթահորերի հորատում, ինչպես նաև օգնություն ռուսական էներգիայի մատակարարումները Արևմտյան Եվրոպայում վերականգնելու հարցում։

Որոշ եվրոպացի պաշտոնյաներ, որոնք ծանոթացել են փաստաթղթերին, հայտարարել են, որ վստահ չեն, թե արդյոք արժե լուրջ ընդունել ԱՄՆ որոշ առաջարկներ, գրում է WSJ-ն։ WSJ-ի եվրոպացի զրուցակիցներից մեկը ծրագրերը համեմատել է Գազայի հատվածում «մերձավորարևելյան Ռիվիերա» ստեղծելու Թրամփի առաջարկի հետ։ Մեկ ուրիշը առաջարկվող ամերիկա-ռուսական էներգետիկ համաձայնագրերն անվանել է 1945 թվականի կոնֆերանսի տնտեսական տարբերակը, որտեղ Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթողները բաժանում էին Եվրոպան։ «Դա նման է Յալթային», - ասել է նա։

Մեկնաբանելով WSJ-ի հոդվածը՝ Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Մոսկվան զբաղված չէ «ինչ-որ ծրագրերի մեգաֆոնային քննարկումներով»։