Հայտնի փիլիսոփա Ալլեն դը Բոթոնը իր նոր «Կրոն աթեիստների համար» գրքում առաջարկել է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում  «աթեիզմի եկեղեցի» կառուցել: Փիլիսոփայի մտահղացմամբ` եկեղեցին կխորհրդանշի Երկրի վրա 300 մլն տարվա էվոլյուցիան:

Ինչպես The Guardian-ին հղում անելով գրում է A-theism.com-ը, 46 մ բարձրությամբ սեւ աշտարակի շինարարությունը միլիոն ֆունտ սթեռլինգ կարժենա, ընդ որում` դը Բոթոնը արդեն կառուցման համար անհրաժեշտ գումարի կեսը հավաքել է «մասնավոր նվիրատուներից, որոնք ցանկացել են անանուն մնալ»: Աշտարակի արդեն պատրաստի ծրագրում ասվում է, որ դրա վերնամասի ամեն մի սանտիմետրը կխորհրդանշի միլիոն տարի, իսկ  վերեւի ոսկեգույն նեղ գիծը կոչված է ցույց տալու համեմատաբար կարճ ժամանակահատվածը, որի ընթացքում գոյատեւում է մարդկությունը:

Աշտարակի արտաքին մակերեւույթը պետք է ծածկված լինի երկակի կոդով, որը խորհրդանշում է մարդկության գենետիկ կոդը:

Ապագայում, ինչպես ակնկալում է գաղափարի հեղինակը, նման աշտարակներ կկառուցվեն ամբողջ Բրիտանիայում: Քաղաքային խորհրդի համաձայնությունը ստանալու դեպքում «անաստվածության եկեղեցու» շինարարությունը կսկսվի 2013թ.: