Պատգամավորները փոփոխություններ են նախապատրաստել՝ ուղղված Ռուսաստանը լքած այն քաղաքացիների իրավունքների սահմանափակմանը, որոնք հեռակա կարգով դատապարտվել են «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը չպահպանելու, բանակը «վարկաբեկելու», «անցանկալի» կազմակերպություններին մասնակցելու, պատժամիջոցներ կիրառելու և Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու կոչեր անելու համար։ Խոսքը վերաբերում է ինչպես վարչական, այնպես էլ քրեական հետապնդմանը։
Ռուսաստանի ներքին գործերին օտարերկրյա պետությունների միջամտության փաստերը հետաքննող Պետդումայի հանձնաժողովի նախագահ Վասիլի Պիսկարյովը պարզաբանել է, որ նման ռելոկանտների հաշիվներն ու գույքը կարգելափակվեն։ Բացի այդ, նրանց կարգելվի վարկեր ստանալ, լիազորագրով գործարքներ կնքել, գրանցել ավտոմեքենա և անշարժ գույք, գրանցվել որպես անհատ ձեռնարկատեր կամ ինքնազբաղված։ Իսկ նրանց վարորդական իրավունքի վկայականի գործողությունը կկասեցվի։
Այն քաղաքացիները, որոնք արտասահմանում թաքնվում են ռուսական իշխանությունների հետապնդումից, չեն կարողանա ձևակերպել փաստաթղթեր, այդ թվում՝ էլեկտրոնային ստորագրությամբ. նրանց պետական ծառայություններ չեն տրամադրվի առցանց և հյուպատոսությունում։ Պիսկարյովը հավելել է, որ մշակվում են նաև «մի շարք այլ միջոցներ»։ Նրա խոսքով՝ սահմանափակումների տակ ընկնող անձանց կներառեն հանրային ռեեստրում, որը կկազմի Գլխավոր դատախազությունը։ Թվարկված միջոցները կիրառելու լիազորությունները կստանան վերահսկողության գերատեսչության ղեկավարը և նրա տեղակալը։
Պիսկարյովը պարզաբանել է, որ փոփոխություններն ուղղված են «պատժի անխուսափելիության» ապահովմանը։ Ըստ նրա տվյալների՝ Ռուսաստանը միջազգային հետախուզում է հայտարարել 10 593 անձի նկատմամբ։ Ընդ որում, պատգամավորը նշել է, որ վերջին հինգ տարիներին նկատվում է արտահանձնումից հրաժարվելու դեպքերի աճ, «հատկապես ՆԱՏՕ-ի երկրների կողմից», որոնք «ակտիվորեն օգտագործում են իրենցից կախված փախստականներին հակառուսական գործունեության մեջ»։





























