Ղազախստանցի ոստիկանները, ովքեր մասնակցել են Ժանաոզենի անկարգությունները ճնշելուն, տնային կալանքի տակ են առնվել:

Հինգ ոստիկանների դեմ հարուցվել է քրեական գործ`բողոքի ցույցերը ցրելիս  լիազորությունների հնարավոր չարաշահման համար: Ոստիկաններին բռնել են դեռեւս հունվարի 20-ից հետո, այնուհետեւ նրանց տնային կալանքի տակ առնելու որոշում է ընդունվել, այսօր` փետրվարի  4-ին տեղեկացնում է «Ինտերֆաքսը»:

Հունվարի 25-ին Ղազախստանի մի շարք լրատվամիջոցներ հայտարարել էին, որ Ժանաոզենի ոստիկանները հանդես են եկել գործընկերների պաշտպանությամբ:

Ոստիկանության աշխատակիցների նկատմամբ քրեական  գործի հարուցման մասին հայտնի է դարձել 2011թ. դեկտեմբերին: Հայտնի չէ, թե կոնկրետ ինչ դրվագներ են առկա գործում: Ավելի վաղ հայտնել էին, որ հետաքննությունը սկսվել է «ոստիկանության աշխատակիցների կողմից զենք գիրառելու հետեւանքով մահ պատճառելու» փաստով:

Հիշեցնենք, Ժանաոզենում բողոքի զանգվածային ցույցը, որը վերաճել էր անկարգությունների, տեղի է ունեցել նախորդ տարվա դեկտեմբերի 16-ին` Ղազախստանի անկախության օրվա տոնակատարությունների ընթացքում: Ցուցարարների եւ ոստիկանության բախման արդյունքում, պաշտոնական տվյալներով, 16 մարդ զոհվել է: Անկարգությունների ծագման պատճառն առայսօր անհայտ է: Հունվարին դատախազությունը հայտարարել է խռովությունների ենթադրյալ հրահրողների անունները: Նրանք եւ անկարգություններին ակտիվ մասնակցած եւս մի քանի տասնյակ մարդ ձերբակալվել են: Ժանաոզենում հուզումներից հետո հայտարարված արտակարգ դրությունը հանվել է հունվարի 31-ին: