Քննչական կոմիտեի աշխատակիցները այսօր Արցախի ներկայացուցչությունում խուզարկության շրջանակներում, փրկարարների օգնությամբ բացել են այս ֆեյսը և այնտեղ հայտնաբերել են դատարկ թղթապանակներ և «Ազատ Արցախ» թերթը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 11–ին, Արցախի ներկայացուցչությունում ՔԿ քննիչների հեռանալուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Ռոման Երիցյանը՝ հավելելով, որ տեղի ունեցածը ոչ թե իրավական, այլ քաղաքական պրոցես է։

«Ջարդել են սեյֆը, որ այնտեղից հանեն «Ազատ Արցախ» թերթը և այս դատարկ թղթապանակները։ Հետո թողեցին այսպես ու գնացին։ Թե այս գույքի փչացման համար ո՞վ է պատասխանատու, դեռ կպարզենք։ Շնորհակալություն, որ «Ազատ թերթը» չառգրավեցին։ Այս ամեն ինչը միթե ես պիտի որակեմ որպես քաղաքական գործողություն։

Կարծում եմ՝ բոլորդ էլ հասկանում եք, որ ամենևին պատահական չէ, որ Արցախի Հանրապետության սահմանադրության օրվան նվիրված և արցախցիների հուզող ու վերադարձի հարցի հետ կապված կազմակերպված խորհրդարանական լսումների անմիջապես հաջորդ օրը ներկայացչությունում ժամը 12:00-ին սկսվում և 16:10-ին ավարտվում է խուզարկությունը, քննչական գործողությունը, որի արդյունքները, կարծում եմ, բոլորիդ համար տեսանելի են»,–ասաց նա։

Երիցյանը հավելեց, որ սեյֆից բացի, այլ ինչ էլ որ առգրավել են, դրանք վարույթի համար որևէ էական նշանակություն ունենալ չեն կարող։

Մենք ամեն դեպքում զգուշացրել ենք, որ այն նյութերը, որոնք դուք առգրավում եք, վերաբերելի չեն վարույթին, օրինակ, համակարգչի այդ կոշտ կավարակները։ Մենք տիրապետում ենք, որ այդտեղ առկա ինֆորմացիան վերաբերելի չէ կոնկրետ այն վարույթին, որի շրջանակներում այսօր իրականացվել է խուզարկությունը և որը դատարանը թույլատրել է։

Եկել են այնպիսի բովանդակության փաստաթղթերի հետևից, որոնք, ըստ էության իրենից ներկայացնում են ինչ-որ գործարքների վերաբերյալ տեղեկություններ, տնտեսական շարժի վերաբերյալ տեղեկություններ։ Բայց Արցախի ներկայացուցչության շենքում առկա են և քննիչները հայտնաբերել են զոհված անձանց վերաբերյալ տվյալները, հատուկ ծառայողների, որոնք պատերազմական գործողություններին մասնակցել և վիրավորվել կամ զոհվել են, մշակույթային արժեքների վերաբերյալ տվյալները, տարբեր գրքեր նվիրված Արցախյան պատերազմին, տարբեր մտահղացումներ կապված արցախցիների վերադարձի հետ»,–ասաց նա։