Time հանդեսը հինգշաբթի արհեստական բանականության ստեղծողներին «Տարվա մարդ» է հռչակել՝ գովաբանելով տեխնոլոգիան մտածող մեքենաների դարաշրջանի համար փոխակերպելու նրանց կարողությունը։
«Տարվա մարդը» հզոր միջոց է աշխարհի ուշադրությունը կենտրոնացնելու մեր կյանքը ձևավորող մարդկանց վրա։ Եվ այս տարի ոչ ոք ավելի մեծ ազդեցություն չի ունեցել, քան այն մարդիկ, որոնք մտահղացել, նախագծել և կառուցել են արհեստական բանականությունը»,- գրել է Time-ի գլխավոր խմբագիր Սեմ Ջեյքոբսը ընթերցողներին ուղղված նամակում։
Ջեյքոբսն արհեստական բանականության ճարտարապետներին բնութագրել է «մարդկությանը զարմացնող և անհանգստացնող» և «ներկան փոխակերպող և հնարավորի սահմանը գերազանցող»։
2025 թվականի «Տարվա մարդ» համարում ներկայացված է շապիկի հոդված, որն ուսումնասիրում է, թե ինչպես է արհեստական բանականությունն անցած տարվա ընթացքում փոխել աշխարհը նոր և «երբեմն վախեցնող միջոցներով»։
Այն ներառում է հարցազրույցներ արհեստական բանականության բումը խթանած չիպերի հեղինակ՝ Nvidia-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի, ինչպես նաև արհեստական բանականության ներդրողների, մասնավորապես՝ SoftBank-ի գլխավոր տնօրեն Մասայոսի Սոնի հետ։
Հանդեսն ուսումնասիրում է արհեստական բանականության խնդրահարույց կողմերը, մասնավորապես 16-ամյա կալիֆոռնիացու ինքնասպանության դեպքը, որից հետո նրա ծնողները դատի տվեցին OpenAI չաթբոտի ստեղծողին՝ մեղադրելով ընկերությանը որդու մահվան մեջ՝ չաթբոտի հետ նրա ունեցած զրույցների պատճառով։
Time հանդեսը 2024 թվականին, ինչպես նաև 2016 թվականին այն ժամանակվա «Տարվա մարդ» էր հռչակել նախագահ ընտրված Դոնալդ Թրամփին:
Նախկինում հաղթողների թվում են եղել նաև փոփ աստղ Թեյլոր Սվիֆթը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը։




























