«Գազպրոմը» Թուրքիային գազ մատակարարելիս գերակատարում է պայմանագրով նշված պարտականությունները: Այս մասին այսօր` փետրվարի 4-ին, Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է ռուսական գազային հոլդինգի կառավարման նախագահի տեղակալ Ալեքսանդր Մեդվեդեւը:

Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի կառավարության կայքը, Պուտինը հետաքրքրվել է` արդյոք մատակարարման պարտականությունները պայմանագրի շրջանակներում են արվում, թե դա արդեն պայմանագրային պարտավորություններից ավելին է:

Դրան ի պատասխան «Գազպրոմի» փոխտնօրենը ասել է, որ Թուրքիայի գծով գերակատարում է տեղի ունենում եւ ցամաքով, եւ ջրով: Նա հստակեցրել է, որ գերակատարումը օրական շուրջ 6-8 մլն խմ է կազմում:

Ինչ վերաբերում է գազի թերի ստացման վերաբերյալ եվրոպական մի շարք երկրների բողոքին, Ալեքսանդր Մեդվեդեւը տեղեկացրել է, որ խիստ ձմեռվա պատճառով, ընդհակառակը, առավելագույնս ավելացել են Եվրոպա մատակարարվող ծավալները. Դրանց օրական ծավալը հասնում է 180 մլրդ խորանարդ մետրի:

Եվրահանձնաժողովի մամուլի քարտուղար Մառլենե Հոլցները փետրվարի 3-ին հայտարարել է, որ Ռուսաստանը կրճատել է եվրոպական ինը երկրներ մատակարարվող գազի ծավալները:

Այսօր` փետրվարի 4-ին, «Գազպրոմը» խոստովանել է, որ մի քանի օրով նվազեցրել է Արեւմտյան Եվրոպա մատակարարվող ծավալները, այդ թվում` Իտալիա եւ Լեհաստան` մինչեւ 10% ծավալով, բայց հետո մատակարարվող գազի ծավալները վերադարձել են պայմանագրով նախատեսված ցուցանիշներին, գրում է «ՌԻԱ Նովոստին»: