Reddit առցանց հարթակը կվիճարկի Ավստրալիայի կառավարության՝ 16 տարեկանից փոքր անձանց համար սոցիալական ցանցերի օգտագործման արգելքը, որը մտցվել է դեկտեմբերի 10-ին։ Այս մասին տեղեկացրել է Sky News Australia հեռուստաալիքը՝ հղում կատարելով ընկերության հայցին։
Նրա տվյալներով՝ Reddit-ը պնդում է, որ նոր օրենքը ոչ միայն դեռահասներին, այլեւ չափահաս օգտատերերին ստիպում է անցնել «պոտենցիալ վտանգավոր ստուգման գործընթացներ եւ խեղդում է հաղորդակցության ազատությունը»։ «Ավելին, արգելքը թույլ չի տալիս երեխաներին եւ դեռահասներին ուղղակիորեն արտահայտել իրենց տեսակետները եւ խոչընդոտներ է ստեղծում քաղաքական հաղորդակցության համար Ավստրալիայում»,- հայտնել է ընկերությունը՝ նշելով, որ որոշումը, ըստ էության, «մեկուսացնում է դեռահասներին՝ զրկելով նրանց հանրային միջոցառումներին եւ քաղաքական քննարկումներին մասնակցելու հնարավորությունից»։
Դատարանում Reddit-ը մտադիր է պնդել, որ իր ներառումը երեխաների եւ դեռահասների համար արգելված կայքերի ցանկում պատշաճ չէր, քանի որ հարթակը «մեծահասակների ֆորում է, այլ ոչ թե ավանդական սոցիալական ցանց»։ Ընկերությունը նշել է, որ ընդհանուր առմամբ աջակցում է երիտասարդներին առցանց պաշտպանելու գաղափարին, բայց կոչ է անում «ավելի նպատակային միջոցներ ձեռնարկել գաղտնիությունն ապահովելու համար»։
Դեկտեմբերի 10-ից Ավստրալիայում գործում է օրենք, որն արգելում է 16 տարեկանից փոքր անձանց մուտքը սոցիալական ցանցեր։ Նրա պահանջների համաձայն՝ Ավստրալիայում գործող սոցցանցերը պարտավոր են անջատել երեխաների եւ դեռահասների օգտահաշիվները: Ներկայում արգելքը վերաբերում է Facebook-ին, Instagram-ին (արգելված են Ռուսաստանում, պատկանում է Meta կորպորացիային, որը Ռուսաստանում ճանաչված է որպես ծայրահեղական), Kick-ին, Reddit-ին, Snapchat-ին, Threads-ին, TikTok-ին, Twitch-ին, X-ին եւ YouTube-ին: Միաժամանակ, երկրի իշխանությունները նշել են, որ սոցիալական ցանցերի եւ տեխնոլոգիական հարթակների ցանկը կարող է ընդլայնվել:




























