Միկրոսխեմաների առաջատար ամերիկյան մատակարարի՝ Nvidia-ի գլխավոր տնօրեն եւ հիմնադիր Ջենսեն Հուանգը բրիտանական Financial Times (FT) թերթի վարկածով դարձել է տարվա մարդ։ Ինչպես նշել է պարբերականը, Հուանգը դարձել է գլխավոր դեմքն այն տեխնոլոգիաների ներդրման գործընթացում, որոնք կարող են արմատապես փոխել բազմաթիվ ճյուղեր։
Երկար ժամանակ համակարգչային չիպերը մնում էին երկրորդ պլանում՝ զիջելով այն սարքերին եւ ծառայություններին, որոնց աշխատանքը նրանք ապահովում էին, գրել է թերթը։ Սակայն, թերթի կարծիքով, 2025թ․ դրանք դարձել են «ԱԲ մոլուցքի» շարժիչ ուժը, որը գրավել է գործնական եւ ֆինանսական աշխարհը։
«Financial Times թերթը Հուանգին անվանել է տարվա մարդ այն դերի համար, որը նա կատարել է այդ փոխակերպման մեջ։ Նա գտնվել է խոշոր ներդրումային ծրագրերի կենտրոնում, որոնք երբեւէ իրականացվել են մասնավոր հատվածի կողմից,- ծրագիր, որը միաժամանակ աջակցել է ԱՄՆ տնտեսությանը եւ նպաստել ֆոնդային շուկայի վերելքին։ Եվ նա այն տեխնոլոգիայի ներդրման շարժիչ ուժն էր, որը կարող է փոխել բազմաթիվ ճյուղեր»,- նշել է FT-ն։
Ավելի վաղ Time ամերիկյան ամսագիրը արհեստական բանականության (ԱԲ) ճարտարապետներին էր անվանել տարվա մարդիկ։ Տարվա մարդուն նվիրված համարի շապիկին ամսագիրը տեղադրել է լուսանկար, որտեղ Նյու Յորքի Ռոքֆելեր-կենտրոնի շինարարները ճաշում են գետնից շատ բարձր՝ նստած երկնաքերի պողպատե գերանին։ Աշխատողների փոխարեն պարբերականը զետեղել է «արհեստական բանականության ճարտարապետների» պատկերը՝ ութ խոշոր ՏՏ-ընկերությունների ղեկավարներին, ներառյալ Հուանգը։




























