Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման սկզբից պատերազմում զոհվել է 155 368 զինվորական, պարզել են «Մեդիազոնա»-ի եւ Բի-բի-սիի ռուսական ծառայության լրագրողները, որոնք հաշվարկները կատարել են բաց աղբյուրների տվյալների հիման վրա։
Զոհվածների մեկ երրորդը, որոնց անունները հաջողվել է պարզել, եղել են կամավորականներ։ Լրագրողները ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ դեռեւս մեկ տարի առաջ այդ կարգին բաժին էր ընկել մահերի միայն 15 տոկոսը։
Մահախոսականների եւ ազգականների խոսքերի հիման վրա կարելի է հետեւություն անել, որ 2022-ից հետո պայմանագիր կնքածների մեծ մասը դա արել է սեփական կամքով, ընդ որում՝ մինչեւ պատերազմի սկիզբը այդ մարդիկ ամենից հաճախ կապված են եղել բանակի հետ, գրել է Բի-բի-սիի ռուսական ծառայությունը։ Սակայն քիչ չեն դեպքրեը, երբ մարդկանց վրա ճնշում է գործադրվել, որպեսզի նրանք ռազմական ծառայության պայմանագիր ստորագրեն։
Բի-Բի-սիի զրուցակիցների պատմածներով՝ ռուսական բանակի հետ պայմանագիր կնքածներին խոստացել են երկշաբաթյա նախապատրաստություն զորադաշտում եւ հետագա եռամսյա պատրաստություն թիկունքում՝ ճակատ ուղարկվելուց առաջ։ Սակայն իրականում զորավարժանքները հանգեցվել են մի քանի շարային վարժությունների զորամասի հրապարակում եւ զորադաշտում հրաձգության երկօրյա պարապմունքների։
Կամավորականներին ամենից հաճախ ուղարկում են գրոհային ջոկատներ, որոնք ամենամեծ կորուստներն (սպանվածներ եւ վիրավորներ) են կրում, քանի որ նրանց խնդիրն է գրոհել Ուկրաինայի ԶՈւ ամրացված դիրքերը։ Մեծ թվով կորուստները հանգեցնում են մարդկանց անբավարարության առաջնագծում փոխատեղման համար, նշել է Բի-Բի-սին, զինվորականներին հազվադեպ են տանում թիկունք, չեն հոսպիտալացնում եւ հրամայում են վերականգնվել՝ շարքում մնալով։
«Ռուսաստանի համար նրանց պատրաստման ժամանակի խնայողությունը եւ բուժման կրճատված կարգը վիրավորումներից հետո վերածվում են ավելի մեծ կորուստների ստորաբաժանումներում, որոնք կազմավորվել են կամավորականներից, եւ մարտավարական սխալների շղթայի», գրել է Բի-բի-սին։
Ռուսական կողմի իրական կորուստները սպանվածների մասով ավելի բարձր են, քան հաջողվում է պարզել բաց աղբյուրներից, հիշեցրել են լրագրողները։ Նրանց գնահատականներով՝ ռուսական Զինված ուժերի ընդհանուր կորուստները կարող են լինել 239 000 - 345 260 մարդու միջակայքում։





























