Աշգաբադում ընթացող համաժողովում՝ նվիրած  խաղաղության եւ վստահության միջազգային տարվան, Չեզոքության միջազգային օրվան եւ Թուրքմենստանի մշտական չեզոքության 30-ամյակին, մասնակիցները լուսանկարվել են «ընտանեկան ֆոտոյի» համար։

Նրանց թվում են Կենտրոնական Ասիայի երկրների առաջնորդները, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը եւ Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը։

Կոբախիձեի այցը Թուրքմենստան՝ այս տարի արդեն երրորդը, սկսվել է երեկ։ Վրաստանի վարչապետը հանդիպումներ է ունեցել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի եւ Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ։

Ինչ վերաբերում է Պուտինին, ապա նրան օդանավակայանում դիմավորել է Թուրքմենստանի Ժողովրդական խորհրդի նախագահ, նախկին նախագահ եւ ներկայիս նախագահի հայր Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը։ Առավոտյան Պուտինը ծաղկեպսակներ է դրել Թուրքմենստանի չեզոքության հուշարձանի մոտ եւ ելույթ է ունեցել Խաղաղության եւ վստահության միջազգային ֆորումում։

Ռուսաստանի առաջնորդը նշել է, որ ՄԱԿ-ը շարունակում է արժանապատվորեն կատարել իր առաքելությունը եւ հաճախ միակ մեխանիզմն է, որը կարող է ապահովել շահերի հավասարակշռություն եւ «գտնել բարդ խնդիրների համաձայնեցված լուծումներ՝ հաշվի առնելով բոլոր կողմերի դիրքորոշումներն ու կարծիքները»։ «Մենք համոզված ենք, որ հենց այս տրամաբանության շրջանակում՝ ՄԱԿ կանոնադրության սկզբունքների հիման վրա, բազմաբեւեռ աշխարհի նոր դարաշրջանում կարող են եւ պետք է կառուցվեն պետությունների միջեւ իսկապես ազնիվ, բաց եւ փոխշահավետ հարաբերություններ»,- ընդգծել է Պուտինը։