Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հնարավոր է համարել, որ Դոնբասում «ապառազմականացված գոտի» ստեղծվի, որտեղ չեն լինի ո՛ ռուսական, ոչ էլ ուկրաինական զորքեր, բայց ներկա կլինեն «Ռոսգվարդիան» եւ ոստիկանությունը: Ուշակովն այս մասին հայտնել է «Коммерсант»-ի հատուկ թղթակից Անդրեյ Կոլեսնիկովի հետ հարցազրույցում: Լրագրողը խնդրել է Ռուսաստանի նախագահի օգնականին մեկնաբանել արեւմտյան լրատվամիջոցների հաղորդագրությունները, որ Ուկրաինայի իշխանությունները «զիջումների են գնացել տարածքային հարցում եւ պատրաստ են դուրս բերել իրենց զորքերը Դոնբասից, եթե ռուսական զորքերը չմտնեն այդ տարածքներ», եւ որ նրանք «համաձայն են կամ նույնիսկ ցանկանում են, որ այդ տարածքները վերահսկվեն միջազգային խաղաղապահ ուժերի կողմից»:
«Լիովին հնարավոր է, որ այնտեղ զորքեր չլինեն՝ ոչ ռուսական, ոչ էլ ուկրաինական: Այո, բայց կլինեն «Ռոս գվարդիան, մեր ոստիկանությունը եւ այն ամենը, ինչ անհրաժեշտ է կարգուկանոնը պահպանելու եւ կյանքը կազմակերպելու համար»,- ասել է Ուշակովը:
Ուշակովն ընդգծել է, որ Ռուսաստանը Դոնբասը համարում է իր տարածքը, որը «կլինի մեր վարչակազմերի վերահսկողության տակ»:
«Եթե ոչ բանակցությունների միջոցով, ապա այս տարածքը կանցնի Ռուսաստանի Դաշնության լիակատար վերահսկողությանը՝ զինվորականների կողմից։ Մնացած ամեն ինչ կախված կլինի դրանից։ Այլ կերպ ասած՝ հրադադարը կարող է լինել միայն ուկրաինական զորքերի դուրսբերումից հետո»,- ասել է նա։
Ուկրաինայի փոխարտգործնախարար Սերգեյ Կիսլիցան X սոցցանցում գրել է, որ «աբսուրդ» բառը կարող է բավական ուժեղ չթվալ Ուշակովի «Ռոսգվարդիայի» եւ ոստիկանության հետ ապառազմականացված գոտու» մասին հայտարարությունը նկարագրելու համար։ Նա նաեւ ավելացրել է, որ Ուշակովի հայտարարությունը կարող է դիտվել որպես «ամերիկյան առաջարկների մերժում»։
Ուկրաինական զորքերի դուրսբերումը Դոնբասի՝ նրանց վերահսկած տարածքից ԱՄՆ նախագահի վարչակազմի պատրաստած խաղաղության ծրագրի հիմնական կետերից մեկն էր։ Ուկրաինան չի համաձայնել դրան։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դեկտեմբերի 11-ին հայտարարել է, որ քննարկվում է փոխզիջում, որի համաձայն՝ ուկրաինական զորքերը դուրս կգան Դոնբասի մի մասից, մինչդեռ ռուսական զորքերը կմնան այնտեղ։ Միեւնույն ժամանակ, Զելենսկին ընդգծել է, որ կան բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ այս գոտում վերահսկողության վերաբերյալ։





























