Իրանը եւ Ադրբեջանը լի են վճռականությամբ՝ կառուցելու ընդհանուր, անվտանգ եւ փոխհարգալից ապագա։ Այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին Բաքվում բարձրամակարդակ հանդիպումներից հետո։

Ինչպես տեղեկացրել է Mehr-ը, դեկտեմբերի 6-7-ը Բաքու կատարած վերջին այցի ընթացքում Արաղչին լայնածավալ եւ կառուցողական հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ նախագահ Իլհամ Ալիեւի, արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի, փոխվարչապետ Շահին Մուսթաֆաեւի եւ Ազգային ժողովի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ։

Արաղչին ընդգծել է, որ իրանա-ադրբեջանական հարաբերությունները դուրս են գալիս աշխարհագրական մերձության սահմաններից։

«Այսօր այդ հարաբերություններն ընդլայնվում են տնտեսական, տարանցիկ, քաղաքական, մշակութային եւ մարդասիրական ոլորտներում։ Երկու երկրներն էլ վճռական են իրենց համագործակցությունը բարձրացնել ռազմավարական մակարդակի»,- նշել է Արաղչին։

Բոլոր քննարկումների ընթացքում պաշտոնյաներն ընդգծել են Հարավային Կովկասում կայունության եւ անվտանգության պահպանման անհրաժեշտությունը՝ որպես տարածաշրջանային բոլոր պետությունների առաջընթացի եւ բարգավաճման նախապայման։

Նրանք ընդգծել են, որ երրորդ կողմերը չպետք է բացասաբար ազդեն Թեհրանի եւ Բաքվի միջեւ կառուցողական հարաբերությունների վրա։