Մոսկվայի քաղաքային դատարանը հեռակա կարգով դատապարտել է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դատախազին և ութ դատավորի՝ «Ռուսաստանի քաղաքացիների անօրինական հետապնդման համար»։
«ՄՔԴ դատախազ Քարիմ Խանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման, որից առաջին ինը տարին կանցկացնի բանտում, իսկ մնացածը՝ խիստ ռեժիմի գաղութում»,- հայտարարել է Ռուսաստանի գլխավոր դատախազությունը, հայտնում է Интерфакс-ը:
ՄՔԴ մյուս ներկայացուցիչները դատապարտվել են 3,5-ից մինչև 15 տարի ազատազրկման։
Դատախազը և դատավորները հայտարարվել են միջազգային հետախուզման մեջ։
Ինչպես հաղորդվել է, 2023 թվականի մարտի 17-ին Միջազգային քրեական դատարանի նախնական դատավարության պալատը ձերբակալման օրդեր է տվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Երեխաների իրավունքների պաշտպան Մարիա Լվովա-Բելովային։ Երեք օր անց՝ մարտի 20-ին, Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ՄՔԴ-ի այն դատավորների դեմ, որոնք ձերբակալման օրդեր են տվել։
2023 թվականի սեպտեմբերի 25-ին Ռուսաստանի ՆԳՆ-ն Միջազգային քրեական դատարանի նախագահ Պյոտր Հոֆմանսկիի նկատմամբ հետախուզում հայտարարեց։




























