Մյունխենում փետրվարի 4-ին կայացել է Հայաստանի եւ Եգիպտոսի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Մոհամեդ Քամլ Ամրի հանդիպումը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում նախարար Նալբանդյանը ցավակցություն է հայտնել օրերս Եգիպտոսի Պորտ Սաիդ քաղաքում ֆուտբոլային երկրպագուների ընդհարման արդյունքում զոհերի կապակցությամբ:
Նախարարները երկուստեք նշել են հայ-եգիպտական դարավոր հարաբերությունների ավանդական բարեկամական բնույթը եւ անդրադարձել դրանց զարգացման, տնտեսական փոխգործակցության խթանման, մշակութային կապերի ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջազգային կառույցների շրջանակներում համագործակցության հարցերին:
Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանը մշտապես լավ եւ ամուր հարաբերություններ է ունեցել Եգիպտոսի եւ արաբական աշխարհի հետ եւ շարունակելու է դրանց առավել ամրապնդմանն ուղղված քայլերը:
Տնտեսական համագործակցության ընդլայնման շուրջ քննարկումների ժամանակ նախարարները նշել են, որ երկրների միջեւ ուղիղ չվերթները կնպաստեն թե տնտեսական կապերի, թե զբոսաշրջության խթանմանը եւ պայմանավորվել են ուսումնասիրել ուղիղ ավիակապ հաստատելու հնարավորությունը:
Նախարար Ամրը ներկայացրել է Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձությունները, անցումային կառավարության կողմից երկրում անվտանգության ապահովման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Այս առումով նախարար Նալբանդյանը նշել է. «Եգիպտոսի հազարամյա պատմության մեջ, ներկայիս անցումային փուլը ընդամենը մի դրվագ է եւ, վստահաբար, Եգիպտոսի ժողովուրդը կհաղթահարի բոլոր դժվարությունները, ինչպես դա բազմիցս արել է իր պատմության ընթացքում»:




























