Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն հիվանդանոցում այցելել է Սիդնեյի ահաբեկիչներից մեկին զինաթափած տղամարդուն՝ շնորհակալություն հայտնելով նրան քաջության համար: Այս մասին հաղորդվել է վարչապետի Ֆեյսբուքյան էջում հրապարակված գրառման մեջ:

Հիվանդասենյակում վարչապետի և 43-ամյա Ահմեդ ալ-Ահմեդի ձեռքսեղմման տեսանյութի ներքո Ալբանեզեն գրել է. «Ահմեդ, դու Ավստրալիայի հերոսն ես: Դու քեզ վտանգի ես ենթարկել՝ ուրիշներին փրկելու համար, դու վազում ես Բոնդայ լողափում վտանգին ընդառաջ և վնասազերծում ահաբեկչին: Վատագույն ժամանակներում մենք տեսնում ենք ավստրալացիների լավագույն կողմերը: Եվ սա հենց այն է, ինչ մենք տեսանք կիրակի երեկոյան: Յուրաքանչյուր ավստրալացու անունից ես ասում եմ՝ շնորհակալություն»:

Այցելությունից հետո լրագրողների հետ զրույցում վարչապետը կրկնել է, որ ալ-Ահմեդը «իսկական ավստրալացի հերոս է»։ «Նա շատ համեստ է, բայց նրա քաջությունը ոգեշնչում է բոլոր ավստրալացիներին»,— նշել է Ալբանեզեն։

Ավստրալիայի գլխավոր նահանգապետ Սամանթա Մոստինը, որը նույնպես հիվանդանոցում այցելել է ալ-Ահմեդին, հայտարարել է, որ հույս ունի նրան քաջության համար պարգև հանձնել։ Նա տղամարդուն է փոխանցել Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի երախտագիտությունը՝ «բացարձակ հերոսության» համար։ «Նա ցանկանում է շնորհակալություն հայտնել նրան բացարձակ հերոսության այն պահի համար, որով մենք բոլորս հիացած էինք և որի համար այնքան երախտապարտ ենք», - լրագրողներին ասել է Մոստինը։

Ահաբեկչության օրը վիրավոր ալ-Ահմեդի համար նվիրատվությունների հավաքագրում է կազմակերպվել։ Այս պահի դրությամբ հաջողվել է հավաքել մոտ 2 միլիոն ավստրալական դոլար (ավելի քան 1,3 միլիոն ԱՄՆ դոլար)։ 33 հազար դոլարի չափով առաջին վճարումը կատարել է Car Hub Australia ավտոակումբը՝ կոչ անելով «երախտագիտություն և աջակցություն հայտնել մի մարդու, ով ամենապատասխանատու պահին անհավանական արիություն է դրսևորել»։

Ավելի վաղ ավստրալական լրատվամիջոցները համացանցում տեսանյութ են հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է մի տղամարդ զինաթափում մարդկանց վրա կրակող ահաբեկչին՝ թիկունքից վազելով նրա մոտ և խլելով զենքը։ Հետագայում պարզվել է, որ հերոսը 43-ամյա սիրիացի է՝ Սիդնեյի բնակիչ և փոքրիկ կրպակի տեր Ահմեդ ալ-Ահմեդը։ Ահաբեկչի հետ քաշքշուկից հետո նա ուսի շրջանում մի քանի վիրավորում է ստացել և տեղափոխվել հիվանդանոց, որտեղ հետագայում վիրահատվել է։