Իմ խնդրանքն է, հորդորն է վարչապետին, որ զբաղվի 2026 թվականի ընտրությունից առաջ իր նախընտրական խոստումների կատարմամբ, այն խոստումների, որ ինքը տվել էր ժողովրդին, որի դիմաց քվե է ստացել, և չզբաղվի այն բոլոր բաներով, որի զբաղվելու իրավասությունը չունի։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, թե կաթողիկոսը պետք է հեռանա և մատնանշում է, թե ինչ քայլեր պետք է հաջորդեն դրան։

«Ինքը ասում է, որպես շարքային հավատացյալ եմ ես մասնակցում, բայց շարքային հավատացյալի լիազորությունների մեջ չեն մտնում այնպիսի բաներ անել, ինչպիսին ինքն է անում։ Այսինքն իր իշխանությունը, նաև այն տվյալները, որ ազգային անվտանգության միջոցով իրեն են հասնում, ինքը օգտագործում է քաղաքական հակառակորդների, նաև եկեղեցականների նկատմամբ։ Սա իր լիազորությունների չարաշահում է, կխնդրենք պարոն վարչապետին, որ կարճ ժամանակ է մնացել մինչև հաջորդ ընտրությունները, և ինքը այս ընթացքում փորձի իրականություն դարձնել այն խոստումները, որ նախորդ ընտրության ժամանակ խոստացել է, որի համար քվե է ստացել, և չմիջամտի այն գործերին, որին միջամտելու լիազորությունը իրեն ընտրության ժամանակ չի տրված Սահմանադրության և Հայաստանի Հանրապետության օրենքներով, առավել ևս որպես շարքային հավատացյալ»,– ասաց նա։